Ռաֆայել Ալեքսանյան. «Արթուր Ալեքսանյանն ամբողջ ընթացքում օգնեց ինձ»
Հումահռոմեական ոճի 71 կգ քաշային կարգի Հայաստանի նորընծա չեմպիոն Ռաֆայել Ալեքսանյանին մեծ դժվարությամբ հաջողվեց նվաճել տիտղոսը: Մի քանի տարի շարունակ հայ ըմբիշը մասնակցել է եզրափակիչներին, բայց ամեն անգամ առաջին տեղը գրավելուն ինչ-որ բան խանգարել է: Այս անգամ կարծրատիպը կոտրվեց և Ալեքսանյանների ընտանիքն ունեցավ ևս մեկ չեմպիոն:
Panorama.am-ը հետ զրույցի ժամանակ Ռաֆայել Ալեքսանյանը տեղեկացրեց, որ եզրափակիչ գոտեմարտից առաջ վնասել էր ձեռքը, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ և այս անգամ վնասվածքը չխանգարեց:
«Հունահռոմեական ոճի Հայաստանի առաջնությունն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չընթացավ զուտ այն առումով, որ մասնակիցների քանակը քիչ էր: Նախորդ տարիների համեմատ` կարող եմ ասել, որ մասնակցում էին ըմբիշների ուղիղ կեսը: Մնացած բոլոր առումներով` առաջնությունն ընթացավ սովորականի նման:
Արդեն մի քանի անգամ էի մասնակցում Հայաստանի առաջնության եզրափակիչներին, և մնացած դեպքերում բավարարվել էի 2-րդ տեղով: Հույսեր կային, որ այս անգամ կխախտեմ տխուր ավանդույթը, սակայն նախօրոք ոչինչ չես կարող ասել: Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Հայաստանի չեմպիոն: Եզրափակչից առաջ վնասել էի ձեռքս, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ»,- նշեց Ռաֆայելը:
Վճռորոշ` եզրափակիչ գոտեմարտում դժվար է հաղթել, երբ մրցակիցդ ընկերդ է, ում հետ մտերիմ հարաբերությունների մեջ ես:
«Եզրափակչում հանդիպեցի գյումրեցի ըմբիշ Տիգրան Թորոսյանի հետ, ով իմ ընկերն է և միասին ենք մարզվում: Բնականաբար, շատ դժվար էր, քանի որ նա ևս ուժեղ հակառակորդ է, և մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում: Հեշտ հաղթանակ չէր, թեև կիսաեզրափակչում ևս հանդիպեցի դժվարության: Զիջում էի 0:6 հաշվով, սակայն հետո կարողացա հետ բերել միավորներս ու հաղթել»,- նշեց նորընծա չեմպիոնը:
Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ու Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանն ազատված էին Հայաստանի առաջնությանը մասնակցելուց: Այդուհանդերձ, Արթուրը մարզադահլիճում էր և հետևում էր եղբոր մրցելույթներին:
«Եղբայրս` Արթուր Ալեքսանյանն ամբողջ ընթացքում օգնել է ինձ, և անմիջապես ականատեսը դարձել իմ հաղթանակի: Հայրս` Գևորգ Ալեքսանյանը, ևս երկար էր սպասել իմ հաջողությանը: 6 տարի շարունակ չէր հաջողվում դառնալ Հայաստանի չեմպիոն: Կարծում եմ` հայրս ևս շատ ուրախ է»,- նշեց Ռաֆայել Ալեքսանյանը:
Ռաֆայել Ալեքսանյանն այս տարի մասնակցել է միջազգային 2 մրցաշարի: Բուլղարիայում գրավել է 2-րդ տեղը, իսկ Մադրիդի Գրան-Պրիում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:
«Եվրոպայի առաջնությանը չեմ մասնակցել: Ստուգատեսին Հայաստանը ներկայացրել է Վարշամ Բորանյանը` դառնալով Եվրոպայի չեմպիոն: Իսկ Օլիմպիադային մասնակցել չենք կարող, քանի որ 71 կգ-ն Օլիմպիական քաշ չէ»,- պատմեց Ռաֆայելը:
Խոսելով հետագա ծրագրերի մասին` հայ ըմբիշը տեղեկացրեց, որ իր գլխավոր նպատակը Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում հաղթելն է, իսկ հաջորդ տարի կմասնակցի կարևոր այդ ստուգատեսերին, թե ոչ, կորոշի արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում