Ինչ գրքեր են սպասվում «Զանգակ»-ից
«Զանգակ» հրատարակչությունը յուրաքնչյուր տարի ավելացնում է հրատարակվող գրքերի, մասնավորապես թարգմանական գրականության քանակը, և այդ առումով մինչ տարեվերջ արդեն կունենանք մի շարք նոր հայերեն հրատարակություններ,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Զանգակ» հրատարակչության թարգմանական և միջազգային ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը:
Նրա ներկայացմամբ՝ հրատարակելու են նոբելյան մրցանակակիր Ջոն Ստեյնբեքի «Ցասման ողկույզները», ոճականորեն գերհագեցած ու բազմաշերտ բովանդակությամբ ամերիկյան դասական գործ, որը թարգմանել է Արամ Արսենյանը, կշարունակեն Հարրի Փոթերի շարքը. լույս կտեսնի «Հարրի Փոթերը և Գաղտնիքների սենյակը» և «Խորհրդավոր պարտեզը» Ալվարդ Ջիվանյանի թարգմանությամբ:
«Տարեսկզբին արդեն հրատարակել էինք ժամանակակից գրականության ամենահայտնի գրողներից մեկի՝ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» վեպը, իսկ մինչ տարեվերջ լույս կտեսնի նույն հեղինակի ամենահայտնի գործը՝ «Օդապարուկ թռցնողը»՝ Մարիա Սադոյանի թարգմանությամբ, ինչպես նաև Դանիել Գլաթաուերի «Հավերժ քոնը»՝ Լիանա Սաֆարյանի թարգմանությամբ»,- ասաց Ա. Մեսրոպյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ սկսում են մի շարք, որը ներկայացնում է տասնիններորդ դարի վերջի և քսաներորդ դարի արվեստի խոշոր գործիչներին, ինչպիսիք են Մատիսը, Վան Գոգը, Գոգենը, Դալին և Ուորհոլը (թարգմանիչ՝ Լուսինե Հայրապետյան):
«Նախաձեռնել ենք հրատարակել պատկերագրքեր՝ գեղեցիկ նկարազարդումներով, կարճ ու հետաքրքիր պատմություններ՝ նախատեսված մինչդպրոցական և կրտսեր դասարանների երեխաների համար: Առաջինը կլինի «Ծուռ Դավիթը» (հեղինակ՝ Ժուլիետ Սոմանդ, նկարազարդող՝ Ժուլի Գռուժո), որին կհաջորդի Լիլիթ Ալթունյանի հեղինակած և նկարզարդած «Կապույտ աղվեսը»»,- ասաց նա:
Ա. Մեսրոպյանի խոսքով՝ «Զանգակ» հրատարակչությունը մեծ կարևորություն է տալիս տարբեր միջազգային գրական տոնավաճառներին, գիտաժողովներին մասնակցությանը և միայն վերջին ամսվա ընթացքում մասնակցել է Աշխաբադի, Մոսկվայի և Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառներին. վերջինս ամենաառանցքայինն է գրահրատարակչական ոլորտում: Ամեն տարի մասնակցում են Բոլոնիայի մանկական գրքի տոնավաճառին:
«Հենց այս շփումների ընթացքում էլ հիմնականում ձևավորվում է մեր ներկա և հետագա անելիքների զգալի մասը: Մեզ համար կարևոր է հրատարակել համաշխարհային գրականության հայտնի գործերի հայերեն թարգմանությունները, որոնք նախկինում չեն հրատարակվել հայերեն, և սրան զուգահեռ հետևել ու հնարավորինս արագ արձագանքել ժամանակակից գրականության տենդենցներին և հայ ընթերցողներին ներկայացնել հայերեն թարգմանությունները»,- ասաց «Զանգակ» հրատարակչության թարգմանական և միջազգային ծրագրերի համակարգող Ա.Մեսրոպյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին