«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացվելու է «Նկարում են հայ ճարտարապետները» ցուցահանդեսը
««Սարգիս Մուրադյան» պատկերասրահում նոյեմբերի 2-ին բացվելու է «Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդես: Ներկայացվելու են հայ ճարտարապետների գեղանկարչական աշխատանքները։ Աշխատանքների մեծ մասը ցուցադրվում են առաջին անգամ»,- Panorama.am-ին այս մասին տեղեկացրեց պատկերասրահի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Ներկայացվելու են ճարտարապետներ Արծվին Գրիգորյանի (1935-2012 թթ), Ջիմ Թորոսյանի (1926-2014 թթ), Օլեգ Վարդանյանի (1946-1997 թթ), Մարկ Գրիգորյանի (1900-1978 թթ), Արթուր Թարխանյանի (1932-2006 թթ), Վարուժան Սահակյանի (1925-1985 թթ), Գարրի Ռաշիդյանի (1933-2016 թթ), Կառլեն Անանյանի (1924-2011 թթ), Ստեփան Քյուրքչյանի (1929-2014 թթ), Օհան Բերբերյանի (1937-1998 թթ), Սաշուր Քալաշյան (1936 թ.) աշխատանքները: Ընդհանուր՝ ներկայացված է լինելու 36 աշխատանք:
Զ. Մուրադյանն ասաց, որ աշխատանքները հավաքել է՝ համագործակցելով ճարտարապետների ժառանգների հետ: Նրա խոսքով՝ կային մարդիկ, ովքեր հրաժարվել են ցուցադրությանը մասնակցելուց՝ ասելով, որ ցուցադրելու համար համապատասխան աշխատանք չունեն:
«Իմ պատկերասրահի նպատակն է լավ, լուրջ, պրոֆեսիոնալ նկարչություն ցույց տալը: Ճարտարապետները զբաղված մարդիկ էին, բայց նրանք հոգով, սրտով արվեստագետ էին, հիմիկվա անճոռնի շենքեր կառուցողներին նկատի չունեմ, և իրենց զգացմունքները երբեմն արտահայտում էին նկարելով: Ինձ համար կարևոր է անկեղծ մարդու զգացմունքները, իսկ նրանք և պրոֆեսիոնալ էին, և անկեղծ: Նրանք չէին նկարել ցուցադրվելու համար, այլ իրենց հոգու համար»,- ասաց պատկերասրահի տնօրենը:
Զ. Մուրադյանը մտադրություն ունի երիտասարդ սերնդի ճարտարապետների գեղանկար աշխատանքների ցուցահանդես ևս կազմակերպել:
Լուսանկարները տրամադրել է Զարուհի Մուրադյանը: