Քաղպաշտպանության ոլորտին տրամադրվող միջոցներն այնքան էլ շատ չեն. Նախարար
Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ձևավորվել է տարածքային պաշտպանական համակարգ, քաղաքացիական պաշտպանության նոր ստորաբաժանումներ: Այդ ամենը ներկայացված է նաև կառավարության ծրագրով: 2017 թվականի պետական բյուջեի միջոցներով այս ուղղութամբ ի՞նչ աշխատանքներ են իրականացվելու,- Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանն արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին նման հարցով դիմեց Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:
Նախարարն ասաց, որ տրամադրվող միջոցները մեծ չեն, բայց քաղպաշտպանությանն ինքը լուրջ ուշադրություն է դարձնում: Նրա խոսքով՝ ունեն 189 աշխատակից, ովքեր քաղպաշտպանության ուղղությամբ արդեն իրենց առջև դրված խնդիրներն են կատարում:
«Կարևորը Տավուշի մարզն է, որտեղ կա 24 համայնք: Այդ համայնքներում մենք ծառայություն ենք կատարում: Հիմնականում ջրամբարներն ենք պաշտպանում: Այդտեղ կան խմելու ջրի կապտաժներ, որոնք գտնվում են Ադրբեջանի սահմանից 500-1000 մետր հեռավարության վրա: Շատ վտանգավոր է: Դրանցից յուրաքանչյուրից մոտ 5000 բնակիչ, զինվոր է օգտվում»,- ասաց Արմեն Երիցյանը: