Կաշառքի գործով դատավորը կալանավորվել է
Ենթադրյալ կաշառք վերցնելու համար մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը կալանավորվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց նրա փաստավաբ Վարդուհի Էլբակյանը:
«Կալանավորելու մասին միջնորդություն նախաքննություն իրականացնող մարմինը ներկայացրել էր դատարան հոկտեմբերի 29-ին, և դատարանը բավարարել է միջնորդությունը», -փոխանցեց տիկին Էլբակյանը:
Դատավորի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` (դատավորի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը):
Փաստաբանը դեռևս հստակ չէր որոշել՝ կբողոքարկե՞ն կալանքի մասին որոշումը, թե՞ ոչ և այդ մասին հարցին ի պատասխան ասաց. «Ամենայն հավանականությամբ կբողոքարկենք»:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որի համաձայն, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և երևանյան գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: Այդ ամենը ներկայացնող տեսանյութ էր ԱԱԾ-ն հրապարակել: Քրեական գործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ։
Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` (դատավորի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը) հարուցվել է քրեական գործ: Եվ դրանից հետո միայն Գլխավոր դատախազությունը ԱԽ-ին միջնորդել էր այս գործով մեղադրյալ ներգրավել ու կալանավորել նրան։ Արդարադատության խորհուրդը որոշել էր բավարարել դատախազության միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը իր պաշտպանյալ դատավորին բնութագրում է որպես «շատ բարձր արժանիքներով օժտված անձնավորություն»
- ԱԽ-ն դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել
- Գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ
- Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
- Դատավորը պահանջել և գետնանցումում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար. Մանրամասներ
- Վճռաբեկ դատարանի նախագահը տեղեկացված է դատավոր Բարսեղյանի ձերբակալության մասին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում