Շքեղ եք ապրում, շատ շքեղ. Արամ Մանուկյանը՝ ԿԲ փոխնախագահին
«Ձեր ծախսերի թվերն եմ նայում, շքեղ եք ապրում, շատ շքեղ»,- այս մասին այսօր Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ դիմելով ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանին:
Նրա ներկայացմամբ՝ տարեկան 20 հազար դոլար ԿԲ-ն ծախսում է ամսագրերի, նույնքան՝ գրականություն ձեռք բերելու համար: Բացի այդ, ԿԲ-ն ունի 31 ծառայողական մեքենա, 820 աշխատող՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով:
«Շատ լավ է, թող կրկնակին լինի, բայց երկրի ընդհանուր ֆինանսական վիճակի, պատերազմական վիճակի, 35 տոկոսանոց աղքատության պայմաններում դուք ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ մի հատ ծաղիկ եք սիրուն, փթթում, լավ ապրում եք»,- նշեց Արամ Մանուկյանը` հավելելով, որ դրանց գումարվում է նաև հեռաախոսավարձերը:
«Ընդհանուր այս թշվառության ֆոնի վրա չի կարելի այսպես անել: Սրան բացատրություն չկա: Դուք կարող եք ասել ՝ ծանր է աշխատանքը, համաձայն եմ, տասնապատիկը տանք, բայց կողքը նայեք՝ 35 տոկոս աղքատություն և 820 հոգի՝ 600 հազար դրամ միջին աշխատավարձով»,- ավելացրեց պատգամավորը:
Ներսես Երիցյանն ասաց, որ ԿԲ կառավարման «մշակույթը կարող է չափանիշ դառնալ» նաև այլ ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար:
«Միայն մասնագիտական գրականությունը, որ մենք կարողանանք մեր վերլուծական ունակությունները կատարելագործենք, երեք տարվա կանխատեսումներ իրականացնենք, դրանք մի քանի հազար դոլար արժեն, դրանց տարեկան անդամակցությունը թանկ է: Եվ այդ գրականությունից չօգտվելը նշանակում է դառնալ հետամնաց ու կորցնել մրցունակությունն այլ երկրների Կենտրոնական բանկերի նկատմամբ: Ես չեմ խոսում զարգացած երկրների մասին: Մեզ հետ համադրելի երկրների Կենտրոնական բանկերի նկատմամբ բավական զսպված են մեր ծախսերը»,- ասաց Ներսես Երիցյանը:
Ինչ վերաբերում է աշխատավարձերին, ապա ԿԲ փոխնախագահը տեղեկացրեց, որ օրենքով է սահմանված՝ բանկային արդյունավետ աշխատողների համար միջին աշխատավարձը բանկային միջին աշխատավարձից պետք է բարձր լինի:
«Մի քանի տարի անընդմեջ բանկային համակարգի և ԿԲ միջին աշխատավարձի միջև այդ անջրպետը գնալով խորանում է: Եվ սա արդեն վտանգավոր սահմանի է հասնում, ուղղակի հաշվի առնելով իրավիճակը՝ մենք ձեռնպահ ենք մնացել այս տարի էլ առաջարկելու աշխատավարձի ֆոնդի ավելացում»,- ընդգծեց Ներսես Երիցյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան