Ասոյան. Հայաստանում գրանցվում են ջրծաղիկի ու քութեշի դեպքեր
Սուր շնչառական հիվանդություններից Հայաստանում հիմա տարածված է ռինովիրուսը: Հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը հանգիստ է, հիվանդների թիվը մտահոգիչ չէ:
«Այսօրվանից սկսկել են դպրոցական արձակուրդները: Սա կանխարգելիքչ ամենալավ միջոցառումն է, որովհետև այդ վիրուսներն ամենաշատ տարածողները սովորաբար դպրոցական հասակի երեխաներն են»,-ասաց վարակաբանը:
Նա խորհուրդ տվեց հիվանդ մարդկանց անպայման դիմակներ կրել:
«Եթե ձեր երեխան հիվանդ է, ունի ջերմություն, կան հարբուխի երևույթներ, խնդրում եմ՝ թույլ մի տվեք գնա դպրոց, մանկապարտեզ, բուհեր, դուք էլ մի գնացեք աշխատանքի: Եթե ծայրահեղ դեպք է, ինչ-ինչ պատճառներով ստիպվածք եք գնալ աշխատանքի, գոնե այդ դիմակները կրեք»,-հորդորեց նա, ավելացնելով, որ 8 ժամը մեկ անհրաժեշտ է փոխել բժշկական դիմակը:
Ասոյանը նշեց, որ գրիպի դեմ պատվաստանյութն արդեն նախարարությունը ձեռք է բերել:
«Կոնկրետ գրիպի հարուցիչ մենք Հայաստանում այսօր չունենք: Ես խոսում եմ ռինովիրուսի մասին, որը ևս ուղեկցվում է ընդհանուր թուլությամբ, քթից արտադրությամբ: Այս նշաների դեպքում պետք է դիմել բժշկի»,-նշեց մասնագետը:
Ասոյանի խոսքով, օդակաթիլային վարակներից այսօր Հայաստանում գրանցվում են ջրծաղիկի դեպքեր, որոշակի քանակով նաև քութեշ: Այս պարագայում հիվանդների թիվը ևս մտահոգիչ չէ: