Վերաթողարկվել է «Գարուն» ամսագիրը
Որոշ ժամանակ ընդմիջումից հետո լույս է տեսնել «Գարուն» ամսագիրը՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանն ասաց, որ ամսագրի վերջին խմբագիր Վարուժան Այվազյանի մահից հետո առկախված էր ամսագրի ճակատագիրը. «Մտահոգություններ կային՝ արժի՞ նորից թողարկել ամսագիրը, թե ոչ: Անանյան ընտանիքի սրտացավության, հետևողականության շնորհիվ որոշվեց, որ «Գարուն» ամսագիրը վերաթողարկվելու է»:
Նա խոսեց այն մասին, որ «Գարուն»-ը մեծ ավանդույթներ ունեցող ամսագիր է, ու դժվար էր վերցել պատասխանատվություն և շարունակել ավանդույթները:
«Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք նոր ժամանակներում, փորձելու ենք ավանդույթները պահպանել և նոր մոտեցումներին ընդառաջ գնալ, մատուցել նոր ամսագիր, որը կլինի համապատասխան ժամանակակից մարտահրավերներին»,- նշեց Ա.Գաբրիելյանը:
Ասուլիսին ներկա ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն ասաց, որ «Գարուն»-ը նոր գարուններ պետք է բերի:
«Հավատարիմ ենք մնացել երիտասարդական, գրական ավանգարդիստական ամսագիր ստեղծելու հավատամքին, որ «Գարուն»-ում միշտ եղել է: Ձևավորվել է թարմ, հետաքրքիր մոտեցումներով ամսագիր»,- նշեց Ա.Անանյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 4-ին կլինի վերաթողարկված առաջին համարի շնորհանդեսը, մինչև տարեվերջ ևս 4 համար լույս կտեսնի:
Անանյանը պատմեց, որ հաջորդ համարներում շեշտը կդնեն հրապարակախոսության վրա, քանի որ այդտեղ խնդիր կա, հնարավորություն կտրվի ժամանակակից հրապարակախոսներին ինքնաարտահայտվել, ինքնադրսևորվել:
Ա. Գաբրիելյանն ասաց, որ 20-30 հեղինակի աշխատանքներ են ներկայացված ամսագրի 1-ին համարում, շարունակվում են նաև թարգմանական աշխատանքների ավանդույթները:
«80 էջում խտացրել ենք «Գարուն»-ի լավագույն ավանդույթները: Համարից համար ավելի զարգացող դինամիկա կտեսնեք»,- նշեց խմբագիրը:
Ա. Գաբրիելյանն ընդգծեց, որ աշխատելու են գրականության դաշտն ամփոփել «Գարուն»-ի էջերում: Նրա խոսքով՝ ամեն համար ունենալու է հստակ հարցադրում:
«Գարուն» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական անկախ ամսագիրը տպագրվում է Երևանում 1967 թվականից։