Հայաստանի Պատմության թանգարանում կայանալու է Զավեն Խաչիկյանի «Սև սպիտակ եռագույն» գրքի շնորհանդեսը
Հայաստանի Պատմության թանգարանում նոյեմբերի 1-ին կայանալու Զավեն Խաչիկյանի «Սև սպիտակ եռագույն» գրքի շնորհանդեսը և բացվելու ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 25–ամյակին: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Պատմության թանգարանից:
«1983-2000-ականներին արված հարյուր հիսուն սև սպիտակ լուսանկարները գեղարվեստական վավերագրումն են Անկախության 25-ամյա ընթացքի: Նրանք բոլորը՝ միասին առած, զերծ են քաղաքական, սոցիալական, գաղափարական շեշտադիր բեռնվածքից: Ներկայացված պատկերների դրվագային բնույթը, թվում է, թե տրոհում է Ժամանակը, մինչդեռ հենց այդ կերպ հեղինակի՝ աշխարհի, ժամանակի ընկալման բազմեզր պատկերն ամբողջանում և արարվում է իբրև վերապրումի անանջատելի ընթացք:
Յուրաքանչյուր պատկերի մեջ կանգ առած ակնթարթը կրում է ոչ միայն անցած պատմության ստույգ վկայությունը, այլև շարունակում է իր կյանքը՝ իբրև խոհ ու զգացմունք՝ ներկայի ու ապագայի հանդեպ: Յուրաքանչյուր պատկեր՝ իր անխառն ու անփոփոխելի իսկությամբ հանդերձ, ընկալվում է ոչ իբրև անցյալի վերարտադրություն, այլ դառնում է այդ նույն անցյալի «պատասխան-կանչը» ներկային:
Սա է լուսանկարիչ-արվեստագետի մեկնակետն ու գեղարվեստական սկզբունքը: Հավատարիմ իր որդեգրած արվեստի հիմնարար էությանը՝ նա Ժամանակի հարահոսից պոկած դրվագը փոխակերպում է մշտառկա մարդկային իրավիճակի և ստիպում է դիտողին տեսնել - ճանաչել այն՝ լուռ երկխոսության համատրոփ ապրումով:
Գրքի պատկերային շարքերն ընդմիջող՝ Հրանտ Մաթևոսյանի տեքստերը, որ մեր Ժամանակի ընկալման խորհուրդն են կրում, ընթերցողին ընձեռում են լուսանկարները կարդալու բանալին, նրանց համատեքստային ընկալումն ու վերաիմաստավորումը»,- այսպես են նկարագրում Զավեն Խաչիկյանին և նրա լուսանկարները Պատմության թանգարանից:
Գիրքը հրատարակվել է Հայաստանի Հանրապետության անկախության 25–ամյակի առթիվ՝ ՀՀ Մշակույթի նախարարության, «Հարավային Կովկաս» շվեցարական համագործակցության գրասենյակի և Էդուարդ և Վերժին Մսրլյանների աջակցությամբ: Գիրքը կազմել են Անելկա Գրիգորյանը և Զավեն Խաչիկյանը, ձևավորումը՝ Հասմիկ Մովսեսյանի: