Նախարար. Համաշխարհային տնտեսական կառույցները 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ
«Այն, ինչ կատարվում է գլոբալ տնտեսությունում, իր արտացոլումն է գտնում Հայաստանի տնտեսական ցուցանիշների վրա: Չենք կարող տնտեսական միջավայրի ցուցանիշներ կանխատեսել՝ առանց հաշվի առնելու գլոբալ զարգացումները»,- Ազգային ժողովում ՀՀ 2017թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինասների նախարար Վարդան Արամյանը:
Նախարարը նշեց, որ համաշխարհային տնտեսական կառույցներն 2017-ի համար կանխատեսում են մի փոքր արագացող տնտեսական աճ. 2016-ի համար կանխատեսվում է 3,1 տոկոս տնտեսական աճ, իսկ 2017-ի համար ակնկալվում է 3,4 տոկոս տնտեսական աճ:
«Կարևոր լավ լուրն այն է, որ տնտեսական աճը հիմնականում ակնկալում են զարգացող և անցումային շրջանի երկրներից: Այստեղ կարևոր գործոն է նաև Ռուսաստանի տնտեսական զարգացումները»,- ասաց Վ. Արամյանը:
Ըստ նրա, կամա թե ակամա Հայաստանը տնտեսական կապերով կապված է ՌԴ-ի հետ, ինչ կատարվում է ՌԴ տնտեսությունում, մի քանի ուղղություններով՝ տրանսֆերտներ, առևտրային ծավալներ, ներդրումներ, ազդում է Հայաստանի տնտեսության վրա: Նախարարի խոսքով՝ երկու տարի անընդմեջ ՌԴ տնտեսությունն անկում է ապրում, մասնագետների կարծիքով, հասել է հատակին և արդեն վերելքի փուլ թևակոխելու ժամանակն է, ուստի մասնագետները 2017-ի համար ակնկալում են տնտեսական աճ:
Խոսելով հումաքային շուկայի մասին, որը նույնպես իր ազդեցությունն է ունենում Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշների վրա, Վ. Արամյանն ասաց, որ նավթի շուկայում միջազգային կառույցներն ակնկալում են որոշակի գների աճ: 2015-ին նավթի շուկայում գրանցվել էր 47 տոկոս անկում, 2016-ին ակնկալվում է 15,4 տոկոս անկում, իսկ 2017-ի համար, ըստ Վ. Արամյանի, ակնկալվում է շուրջ 18 տոկոս աճ: Նրա խոսքով՝ սա այն գործոններից մեկն է, որը բերելու է ՌԴ տնտեսության աճին:
Վ. Արամյանն ասաց, որ ակնկալվում է նաև մետաղի գների փոքր-ինչ աճ:
Ֆինանսների նախարարը նշեց, որ Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագծում դրել էին 2,2 տնտեսական աճ, 4 տոկոս դեֆլյատոր:
«Տարին ցույց տվեց, որ գնային ֆոնը համեմատաբար ավելի պասիվ է, այսօրվա դրությամբ ունենք դեֆլյատորի՝ -0,4 տոկոս ցուցիչ (կիսամյակային ցուցանիշ), մինչև տարեվերջ ակնկալում են շուրջ զրոյական ցուցիչ: Տնտեսական աճի ցուցանիշի մասով մենք, կարծես թե, այն տիրույթում կլինենք, ինչ կանխատեսվում էր 2016-ի համար՝ 2-2,4 տնտեսական աճ:
Այս հենքերի վրա հինվելով՝ 2017-ի համար մենք ակնկալում ենք ավելի արագացող տնտեսական աճ՝ 3,2 տոկոս, մի փոքր ավելի համեստ, բայց դրական գնային միջավայր, դեֆլյատորը կանխատեսել ենք 1,7 տոկոս այս տարի սպասվող զրոյական դեֆլյատորի պայմաններում»,- ասաց Վարդան Արամյանը:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է, որ անհարկի բեռ չստեղծենք տնտեսվարողների համար. Վ.Արամյան
- Կառավարությունը նպատակադրել է 2017թ. համար ապահովել ՀՆԱ-ի 3,2 տոկոս աճի մակարդակ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան