Արփինե Դալալյան. «Պապիկիս խորհրդով եմ ընտրել ծանրամարտը»
Մալայզիայի Պենանգ քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանիների առաջնությունում +69 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Արփինե Դալալյանը հրում վարժությունում (127 կգ) և երկամարտում (220 կգ) բրոնզե մեդալներ նվաճեց: Մինչ այժմ հայ աղջիկներից ոչ մեկին չէր հաջողվել մեդալ նվաճել պատանիների աշխարհի առաջնությունում, սակայն Արփինեն, ով ծանրամարտով է զբաղվում 4 տարի, կարողացավ հասնել հաջողության:
Panorama.am-ի հետ զրույցում Դալալյանը տեղեկացրեց, որ մեդալի հույս չուներ, սակայն հավատում էր հաջողությանը, ինչն էլ ունեցավ իր արդյունքը:
«Ընդհանուր առմամբ` աշխարհի առաջնությունը շատ լավ անցավ: Հիմնական մրցակիցներս կորեացի և չինացի մարզիկներն էին: Ես էլ բավարարվեցի բրոնզե մեդալով: Պոկում վարժությունում կատարել եմ իմ երեք մոտեցումներն էլ, սակայն դա իմ թույլ կողմն է: Բոլոր մրցաշարերում այս վարժությունում մեդալ վաստակել չի հաջողվել: Պոկում վարժությունս լավացնելու համար պետք է ավելի շատ աշխատեմ, բայց որքան էլ փորձում եմ, կրկնում եմ, դա իմ թույլ օղակն է»,- պատմեց Արփինեն:
Դեռ ոչ վաղ անցյալում Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանն ու Մելինե Դալուզյանը, երբ առաջին քայլերն էին կատարում այս մարզաձևում, դա անում էին բոլորից թաքուն: Աղջիկները պատմում էին, որ այն ժամանակ ծնողները դեմ էին և սկզբնական շրջանում ստիպված էին թաքցնել ծանրամարտով զբաղվելու փաստը: Իսկ ահա Արփինե Դալալյանին մարզասրահ է ուղեկցել պապիկը` սերմանելով սերը ծանրամարտի նկատմամբ:
«Այո, պապիկիս, խորհրդով եմ ընտրել այս մարզաձևը: Նա է ինձ առաջին անգամ տարել մարզադահլիճ: Մինչև պարապելը չեմ հետաքրքրվել ծանրամարտով, իսկ հետո սկսեցի մարզվել Հռիփսիմե Խուրշուդյանի հետ, ով ինձ շատ է օգնել հոգեպես: Միայն նրա ներկայությունը բավական էր` հոգեպես լավ տրամադրվելու համար»,- ասաց Դալալյանը:
Հաջորդ տարվանից սկսած Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհին կմասնակցի միայն երիտասարդների ու մեծահասակների մրցաշարերին:
«Մյուս տարվանից ես պատանի չեմ և պետք է մասնակցեմ արդեն մեծահասակների աշխարհի առաջնությանը: Հիմա պատրաստվում ենք դեկտեմբեր ամսին կայանալիք երիտասարդների Եվրոպայի առաջնությանը, որից հետո պարզ կլինի, թե ինչ առաջնությունների կմասնակցեմ»,- նշեց Դալալյանը:
Ամփոփելով տարին` հայ մարզուհին նշեց, որ տարեսկիզբն այնքան էլ հաջող չդասավորվեց իր համար, սակայն հետագա ընթացքը խոստումնալից էր:
«Մասնակցեցի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, գրավեցի 6-րդ տեղը: Հետո վատ հանդես եկա երիտասարդների Եվրոպայի առաջնությունում, որտեղ նույնպես գրավեցի 6-րդ տեղը: Բայց սեպտեմբեր ամսին պատանիների Եվրոպայի առաջնությունում գրավեցի առաջին տեղը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն: Աշխարհի առաջնությունում մեդալի հույս չունեի, բայց գրավեցի 3-րդ տեղը: Եվրոպայի առաջնությունում նույնպես ակնկալում եմ բրոնզե մեդալի»,- նշեց Դալալյանը:
Հավելենք, որ Մալայզիայում մեդալների հաշվարկով Հայաստանի աղջիկների թիմը 35 երկրների մեջ զբաղեցրեց 15-րդ տեղը:
Հռիփսիմե Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում