Ջուլֆալակյանն ու Մանուկյանը` չեմպիոն, Ամոյանն ու Բորանյանը` փոխչեմպիոն
Հայաստանի առաջատար ըմբիշները ժամանակ առ ժամանակ իրենց ուժերն են փորձում մարզաձևում հարուստ ավանդույթներ ունեցող երկրների ակումբային թիմերի առաջնություններում:
Ընթացիկ մրցաշրջանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային ընտրանու առաջատար ըմբիշներից 4-ը`Արսեն Ջուլֆալակյանը, Մաքսիմ Մանուկյանը, Ռոման Ամոյանն ու Վարշամ Բորանյանը մասնակցեցին Իրանի ակումբային առաջնության 2-րդ եզրափակիչ փուլին: Տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Այստեղ բացի առաջնության մեդալներից, վիճարկվեցին դեկտեմբերի 8-9-ը Բուդապեշտում կայանալիք հունահռոմեական ոճի ըմբշամարտի ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը մասնակցելու 2 ուղեգրերը: Ինչպես և սպասվում էր, Ամոյանի ու Բորանյանի թիմի` «Սինեն Սանթիի» գլխավոր մրցակիցը լինելու էր ստուգատեսի 1-ին փուլի հաղթող «Մի Մերազինան», որի կազմն ուժեղացվել էր ՀՀ ազգային հավաքականի առաջատար երկու ըմբիշներով՝ Արսեն Ջուլֆալակյանով ու Մաքսիմ Մանուկյանով:
Չեմպիոնի գլխավոր հավակնորդներ՝ Իզեի «Սինեն Սանթին» և «Մի Մերազինան» 3-ական հաղթանակ տարան ու մտան եզրափակիչ: Չեմպիոնի կոչման հանդիպումն անցավ «Մի Մերազինայի» առավելությամբ, որը 7:1 հաշվով հաղթեց մրցակցին: Այդ նշանակալի հաջողությունում իրենց մեծ ներդրումն ունեցան Արսեն Ջուլֆալակյանն ու Մաքսիմ Մանուկյանը: Երկուսն էլ իրենց անցկացրած բոլոր 4 գոտերամարտերը հաղթանակով ավարտեցին և զգալիորեն նպաստեցին իրենց թիմի՝ Իրանի չեմպիոն հռչակվելու գործընթացին:
Հայաստանի ազգային ընտրանու 4 ըմբիշներն էլ իրավունք ստացան դեկտեմբերի 8-9-ին Բուդապեշտում մասնակցելու ակումբային թիմերի աշխարհի գավաթի 3-րդ խաղարկությանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում