Քաղաքագետ. «Կուսակցությունների մասին» օրենքն ավելի կարևոր է, քան Ընտրական օրենսգիրքը
«Կուսակցությունների մասին» օրենքն ավելի կարևոր է, քան Ընտրական օրենսգիրքը: Մեդիա կենտրոնում «Կուսակցությունների մասին օրենքի նախագծի խնդրահարույց դրույթները» քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Մենք կենտրոնանում ենք այն հարցի վրա, թե ինչպես ընտրել, ինչպես է այդ գործընթացը տեղի ունենալու, բայց չենք մտածում՝ ում ենք ընտրելու»,-խոսքն այսպես հիմնավորեց նա:
Քաղաքագետը հիշեցրեց, որ նոր սահմանդրությամբ ամբողջ իշխանությունն անցնում է կուսակցություններին, և օրենքն է պայմանավորելու, թե այդ կուսակցություններն իրենցից ինչ են ներկայացնում:
«Հիմնական խնդիրն այն չէ, թե ինչ է գրված այս օրենքում, այլ այն, թե ինչ գրված չէ, որովհետև ամբողջ իշխանությունը տալոց կուսակցություններին, մենք այլևս չունենք նախագահի համապետական ընտրություններ: Ըստ էության, ոչ մի լուրջ պարտավորություն չի դրվում այդ կուսակցությունների վրա»,-մտահոգություն հայտնեց բանախոսը:
Ամերիկյան ու եվրոպական փորձը մատնանշլով, քաղաքագետն ասաց, որ օրենսդրական լուրջ կարգավորումներ կան, որպեսզի կուսակցությունները լինեն ժողովրդավարական կառույցներ և մասնավորապես ընտրական ցուցակների կազմավորման գործում կուսակցական բյուրոկրատիայի դերը փոքրանա:
«Շատ երկրների սահմանդրություններում, մասնավորապես Հունաստանի, գրված է, որ կուսակցությունները պետք է լինեն բաց, թափանցիկ: Հիմա հարց է առաջանում, ինչպե՞ս են Հայաստանում գործում կուսակցությունները, ի՞նչ կառույցներ են ներկայացնում»,-ասաց քաղաքագետը:
Դանիելյանը նկատեց, որ հայաստանյան կուսակցությունների համագումարներն անցնում են փակ, կան կուսակցություններ, որոնցից դուրս գալու իրավունք չկա, երդվում են ատրճանակի վրա, կարող են միայն հեռացվել, մեկ հոգին կարող է գրել ամբողջ կուսակցության ցուցակը:
«Հիմա հարց է առաջանում, ենթադրենք մենք ունենում ենք արդար ընտրություններ, ապա ո՞ւմ ենք ընտրելու»,-ընդգծեց քաղաքագետը, ավելացնելով, որ օրենքի նախագծում լրացումների անհրաժեշտություն կա, քանի որ ֆունդամենտալ փոփոխություններ են անհրաժեշտ:
Հիշեցնենք, որ սահմանդրական փոփոխություններից հետո «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն առաջացավ: Նախագիծն ԱԺ-ում դրվել է շրջանառության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքի նախագծին
- Կուսակցությունների մասին նոր օրենքի մշակումը համարում ենք կոնցեպտուալ առանձին կարևոր հարց. Դ.Հարությունյան