Եվրիմաժի ներկայացուցիչները հանդիպել են հայաստանյան կինոարտադրողների և կինոգործիչների հետ
Հայաստանի ազգային կինոկենտրոնի (ՊՈԱԿ) և «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի հրավերով աշխատանքային այցով Երևան են գտնվում Եվրոպայի խորհրդի մշակութային աջակցության Եվրիմաժ (Eurimages)հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Իզաբել Կաստրոն և Եվրիմաժի անիմացիոն և խաղարկային ֆիլմերի գծով փորձագետ Իրիս Կադուն: Այս մասին հայտնում են Հայաստանի Ազգային կինոկենտրոնից:
Այսօր կայացած ասուլիսում Եվրիմաժի ներկայացուցիչները կինոարտադրողներին ներկայացրել են Եվրիմաժի և այլ կինոհիմնադրամների գործունեության առանձնահատկությունների և հայտեր ներկայացնելու կարգի մասին: Ոլորտի մասնագետներին ծանոթացրել են համատեղ արտադրության և տեղական կինոթատրոնների աջակցության ծրագրերին:
Ասուլիսից հետո տեղի է ունեցել հանդիպում հայաստանյան կինոարտադրողների և կինոգործիչների հետ, որոնք հարց ու պատասխանի միջոցով ստացել են իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:
Նոյեմբերի 2-ին արդեն տեղի կունենան անհատական աշխատանքային հանդիպումներ տեղական կինոգործիչների հետ ( պրոդյսերների, ռեժիսորների և կինոլորորտի այլ մասնագետների հետ):
Մասնակիցները հնարավորություն կունենան խորհրդատվություն ստանալու և իրենց կինոնախագծերը մանրամասնորեն քննարկելու Եվրիմաժի փորձագետների հետ: Անհատական հանդիպումների համար արդեն ստացվել է 45 հայտ: Յուրաքանչյուր նախագծի համար նախատեսված է 15 րոպե: Աշխատանքային լեզուն լինելու է անգլերենը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2016 թվականի հունվարից անդամակցում է Եվրիմաժ (Eurimages) հիմնադրամին, որպես 37-րդ անդամ պետություն: Նոյեմբերին կայանալիք այցը՝ Եվրիմաժի ներկայացուցիչների առաջին պաշտոնական այցն է Հայաստան:
Եվրիմաժի ներկայացուցիչների հայաստանյան այցն անցկացվում է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Այցն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան