Կամո Արեյանը՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի և վերելակների խնդրի մասին
Այսօր խորհրդարանում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց առջև ծառացած ամենասուր խնդիրներից են հասարակական տրանսպորտն ու բազմաբնակարան շենքերի վերելակները:
Նրա խոսքերով՝ վերելակային տնտեսությունը «Համատիրությունների մասին» ՀՀ օրենքով դրա մեջ տեղավորված բաժնային սեփականություն է:
«Մենք նոր օրենք ենք նախաձեռնել, որը գրեթե պատրաստ է: Օրենքում դրել ենք պարտադիր վճարի գաղափարը, որպեսզի ապահովված լինի շահագործման և պահպանման համար վճարի գանձումը»,- ասաց նա:
Կամո Արեյանը նշեց, որ մինչ այդ Երևանի քաղաքապետարանն ակտիվ բանակցություններ է վարում տարբեր կառույցների հետ՝ վերելակային տնտեսության թարմացման հարցով:
«Վերելակների տարիքային տարբերությունը շենքերի միջև շատ մեծ է, տարողության տարբերությունը, տեխնիկական վիճակը նույնպես տարբեր է, գերակշիռ մասն անհանգստացնող: Իհարկե, տեխնիկական զննում իրականացվում է, սարքավորումների, պահեստամասերի փոխարինում, ճոպանի, բոլոր կարևորագույն մասերի ամենօրյա հետևել կա, բայց տեխնիկապես և բարոյապես արդեն մաշված են վերելակները»,- նշեց քաղաքապետի տեղակալը՝ հավելելով, որ պիտի իրականացնեն աշխատանքներ, որպեսզի կարգավորեն այս խնդիրը:
Կամո Արեյանը տեղեկացրեց, որ Երևանում նորակառույց բազմաֆունկցիոնալ շենքերում տեղադրվում են ժամանակակից վերելակներ: «4651 վերելակ կա հաշվեգրված մայրաքաղաքում: Մենք ունենք 5000 բազմաբնակարան շենք, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին: Մնացած բոլոր շենքերը նոր են և ունեն ժամանակակից վերելակներ»,- ընդգծեց Կամո Արեյանը:
Ըստ նրա՝ հիմա հաշվարկում են, թե որքան գումար է հարկավոր վերելակները նորերով փոխարինելու համար: «Տարբեր հաշվարկներ ենք իրականացնում, քանի որ տարբեր արտադրողներ տարբեր գներ են առաջարկում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակում քաղաքացին արգելափակվել էր վերելակում: Նրան տեղի ուժերով դուրս էին բերել արգելափակումից և տեղափոխել հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Անդրադառնալով հասարակական տրանսպորտի խնդրին՝ Կամո Արեյանն ասաց, որ նախատեսվում է երթուղային ցանցի, շարժակազմի վերանայում: «Պետք է գնանք նրան, որ մայրաքաղաքում մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներ շահագործենք, միկրոավտոբուսներից պետք է ձերբազատվենք»,- նշեց նա:
Հարցին, թե փոփոխությունները նշանակում են, որ այլևս գծատերեր չեն լինի, Կ.Արեյանը պատասխանեց, որ այսքան շատ միկրոավտոբուս ու այսքան շատ գծատեր, իհարկե, չեն լինի:
Հարակից հրապարակումներ`
- Վերելակում մնացած քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է
- Երևանում փրկարարները արգելափակված վերելակներից դուրս են բերել քաղաքացիներին
- Հայաստանն ու Բելառուսը կհամագործակցեն վերելակաշինության ոլորտում
- Քաղաքացին ընկել է վերելակի հորանը
- Շինարարական վերելակի պոկվելու հետևանքով տուժածի վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան