2014 թվականից Ազգային Ժողովում կրճատվել է 40-50 հաստիք. Հրայր Թովմասյան
2014 թվականից Ազգային Ժողովի 40-50 աշխատակից կրճատվել է, մինչև այս տարեվերջ կան պայմանագրեր, որոնք կավարտվեն և չեն երկարացվի: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:
«Կփորձենք այդ հարցում ունենալ առավել արդյունավետ աշխատակազմ»,- նշեց նա:
Անդրադառնալով պատգամավորների թվի նվազմանը՝ Հրայր Թովմասյանը նշեց, որ խորհրդարանում առաջիկա վեց ամսում պահպանվելու է պատգամավորների թիվը` 131: «Նրանք ստանալու են այն աշխատավարձը, որն այսօր ստանում են: Դրանից հետո մնացած վեց ամսվա համար կառավարությունը հաշվարկել է ու հիմք ընդունել 101 թիվը, ինչը սահմանված է Սահմանադրությունում որպես պատգամավորների նվազագույն թիվ, և դրանցով հաշվարկել է, թե պատգամավորներն ինչքան աշխատավարձ են ստանալու»,- ասաց նա՝ հավելելով, որ կարող է լինել 101+4 ազգային փոքրամասնություններից, ինչի արդյունքում պատգամավորների թիվը կլինի 105-ը:
Հարցին, թե, փաստորեն, 40 աշխատակցի կրճատել են, և, նկատի ունենալով նաև վարչապետի՝ մայրերի և քույրերի` նույն աշխատավայրում չաշխատելու հորդորը, հնարավո՞ր է կրճատվեն նաև պատգամավորների օգնականները, որոնք հաճախ նրանց որդիներն են, Հրայր Թովմասյանը պատասխանեց. «Պատգամավորների օգնականների աշխատանքի ընդունումը, ֆորմալ առումով, աշխատակազմի ղեկավարն է կատարում, բայց նրանց ընտրությունը վերապահված է հենց պատգամավորներին, և աշխատակազմի ղեկավարն ունի զրո լիազորություն՝ որոշելու՝ ով պետք է լինի պատգամավորի օգնականը: Դա հայեցողական պաշտոն է, և պատգամավորներն իրենք են ընտրում իրենց օգնականներին»:
Նրա խոսքերով՝ վարչապետի հանձնարակականը վերաբերում էր ուսուցիչներին: «Վարչապետը չի կարող ԱԺ-ին հանձնարարություն տալ»,-ավելացրեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին