Զգուշությունը Ստամբուլում չի խանգարի «Մանչեսթեր Յունայթեդի» ֆանատներին
ՈՒԵՖԱ-ն կապվել է Թուրքիայի ոստիկանության ու ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի անվտանգության երաշխիքներ ստանա Ստամբուլում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների համար։ Այս մասին հայտնում է manutd.ru-ն։ Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում «ՄՅու»-ն հինգշաբթի Ստամբուլում կխաղա «Ֆեներբախչեի» հետ։
Շաբաթ օրն ԱՄՆ-ի կառավարությունն իր քաղաքացիներին խնդրել է հեռանալ Ստամբուլից և, ընդհանրապես, Թուրքիայից, քանի որ հաղորդումներ է ստացել «անվտանգության հետ կապված խնդիրների» մասին։
«Առայժմ տեղեկատվություն չկա, որ ԱՄՆ-ի քաղաքացիների համար Թուրքիայում սպառնալիքը տարածվում է նաև Մեծ Բրիտանիայի քաղաքացիների վրա, սակայն ՈՒԵՖԱ-ն այսօր անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ է պահանջել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայից ու պետական իշխանության տեղական մարմիններից՝ կապված «Մանչեսթեր Յունայթեդի» ու նրա երկրպագուների՝ Ստամբուլ ժամանման հետ,- ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը։- Ռազմական հեղաշրջման վերջին փորձից ու Թուրքիայում ահաբեկչական ակտերի ավելացումից հետո նման երաշխիքներ են պահանջվելու ՈՒԵՖԱ-ի հովանու տակ անցկացվելիք ցանկացած հանդիպման համար։ Ներկա պահին բոլոր խաղերն անվտանգության առումով կայացել են առանց որևէ միջադեպի։ ՈՒԵՖԱ-ն կշարունակի հետևել իրավիճակի զարգացմանը և անհրաժեշտության դեպքում խորհրդակցություններ անցկացնել ակումբների հետ»։
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը երեկ առավոտյան անփոփոխ է թողել իր խորհուրդները «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների ու Միացյալ Թագավորության բոլոր քաղաքացիների համար։ «Դուք պետք է զգոն լինեք ու հետևեք զբոսաշրջիկներին ուղղված մեր խորհուրդներին։ Ահաբեկչական ակտերի սպառնալիքը շարունակում է բարձր մնալ»,- նշված է հայտարարության մեջ։