2017-ի բյուջեով պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի համար կհատկացվի 88,2 մլրդ դրամ
2017 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմինների պահպանման ծախսերի ընդհանուր գումարն՝ առանց այդ ոլորտում իրականացվող նպատակային վարկային և դրամաշնորհային ծրագրերի, ծրագրված է 88175.9 մլն դրամի չափով, որը 2015-ի փաստացիի նկատմամբ կազմում է 97.5 տոկոս, իսկ 2016-ի համար հաստատվածի նկատմամբ 95.5 տոկոս: Ազգային ժողովում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:
Բյուջեի նախագծում նշված է, որ հաջորդ տարի անցկացվելու են ԱԺ, Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրությունները: Այդ ընտրությունների, ինչպես նաև ՏԻՄ ընտրությունների համար ծախսերը ծրագրավորվել են համապատասխանաբար 2,524.4 մլն դրամի, 591.6 մլն դրամի, 183.6 մլն դրամի չափով:
ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսերը հաջորդ տարվա համար ծրագրավորվել են 9635.0 մլն դրամի չափով:
Քննարկման ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքվեց, թե պարբերաբար խոսվում է պետական համակարգում ծախսերի կրճատման մասին, արդյո՞ք կարող են ասել, թե հաջորդ տարի որքան կկազմի տնտեսումը: Նաև հետաքրքրվեց, թե տեղեկատվություն կա, որ դատական դեպարտամենտում հաստիքներ են կրճատվելու. «Ինձ մտահոգում է այն, թե դատական գործերի արդյունավետ և արագ սպասարկման մասով որքանով այդ կրճատումները կանդրադառնան»:
Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ պետական իշխանության մարմինների պահպանության ծախսերի համար հաջորդ տարվա բյուջեով նախատեսվում է հատկացնել 88,2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարիների համեմատ նվազել է, սակայն խոսքը չի վերաբերում մեխանիկական կրճատումների մասին չէ: «Եթե դա հիմնավորված չէ, գործառույթների օպտիմալացման արդյունք չէ, ապա վտանգը շատ մեծ է, որ դա կարող է մեկ ուրիշ տեղ ավելի մեծ ավելացման հանգեցնի»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:
Ինչ վերաբերում է դատական դեպարտամենտին, ապա, ըստ նրա, 2016 թվականի համեմատ ծախսերը նվազել են շուրջ 79,5 մլն դրամով, սակայն աշխատավարձերի մասով նվազում չկա:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան