Իշխանյանի դիտարկումները՝ կառավարության ծրագրում Մարդու իրավունքների և արդարադատության ոլորտի վերաբերյալ
«Ես առանձնապես ոգևորված չեմ այս ծրագրից»,-այսօր «ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիտարկումները» խորագրով հանրային քննարկման ժամանակ իր ելույթի խոսքում ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի, Արդարադատության խմբի անդամ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով կառավարության ծրագրում Մարդու իրավունքների և արդարադատության ոլորտի վերաբերյալ կետերին:
Նրա խոսքով՝ ցանկալի կլիներ, որ կառավարության ծրագրում լինեին այն հարցերը, որոնք ներառված էին Մարդու իրավունքների վերաբերյալ եվրոպական կոնվենցիայում և պարբերական զեկույցում, սակայն մարդու իրավունքների վերաբերյալ գլխում այդ մասին որևէ բան չկա:
«Ծրագրում ներառված է ընտրական գործընթացքում վստահության աճի ապահովում, այդ թվում՝ եռամսյա ժամկետում համաֆինանսավորելով ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական գործընթացի օրինականությունն ապահովելուն ուղղված միջոցառումների իրականացում, ներառյալ տեխնիակական սարքավորումների ձեռքբերումն ու գործարկումը կետ, կներեք, բայց ես այստեղ չեմ տեսնում մարդու իրավունքների բնագավառում ինչ որ գործողություն, սա ընտրական օրենսգրքով նախատեսված է և հանձնարարված է կառավարությանը, որ պետք է անի»,-նկատեց Իշխանյանը:
Անդրադառնալով մարդու իրավունքների հետ կապված ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների 2017-19 թվականի ծրագրի հաստատմանը, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի անդամը նշեց, որ մի քիչ թերահավատորեն է մոտենում, քանի որ նախորդ ծրագիրից էլ եթե ոչ ընդհանրապես, ապա շատ չնչին կետեր են կատարվել. «Հիմա շատ կարևոր կլիներ, եթե նոր ծարգիր էին ընդունում, ապա հստակ գրված լիներ, թե մոնիթորինգն ով է իրականացնելու, ովքեր են պատասխանատու ծրագրի համար, հաշվետվողականությունն ինչքան ժամանակը մեկ է լինելու»:
Ինչ վերաբերում է կառավարության ծրագրում դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի բարելավմանը, Իշխանյանը նշեց, որ սա վկայում է այն մասին, որ խնդիր կա. «Ավելի լավ է խոսվեր այդ խնդրի մասին և արդյոք այս բարելավման մեջ նկատի ունեն առանց դատարանի որոշման վարորդների վրա տուգանքներ դնելու հարցը և ինչ լուծումներ են առաջարկում»:
Իշխանյանը ուշադրություն հրավիրեց նաև քրեկատարողական հիմնակներին և պրոբացիայի մասին օրենքի վերաբերյալ կետերին. «10 քրեակատարողական հիմնարկներում շենքերի ջերմային և հիգիենիկ հարմարավետության ապահովման աշխատանքները ողջունելի են, սա խոսում է այն մասին, որ ազատազրկվածների համար պայմաններն անմարդկային են, որի մասին այդքան բարձրաձայնում ենք: Եվ վերջապես պրոբացիայի պետական ծառայության գործունեության բարելավման մասին. եթե չեմ սխալվում, պրոբացիայի մասին օրենքն որոշվեց ներդնել 2018 թվականին, կառավարության ծրագրում գրված է, որ այն կընդունվի 2017 թվականին, ինչը շատ լավ կլինի»:
Ավետիք Իշխանյանը հավելեց՝ հույս կա, որ գոնե իր առաջարկությունները այս կետերի նկատմամբ վերահսկողության և ավելի բացատրելի դարձնելու հետ կապված, ընդունվի: