Դատավորի կաշառքի գործով մեղադրյալ փաստաբանը հրաժարվել է հանրային պաշտպանից
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի վերաբերյալ քրեական գործով անցնող մեղադրյալ Փաստաբանների պալատի փաստաբան Էլզա Զաքարյանը հրաժարվել է հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի ծառայություններից:
«Հենց առաջին օրը Էլզան հրաժարվել է իմ ծառայություններից: Նա ասաց, որ կամ ինքը կպաշտպանի իրեն, կամ էլ կօգտվի այլ փաստաբանի ծառայություններից», -Panorama.am-ին տեղեկացրեց Լյուդվիգ Ավետիսյանը:
Ավելի վաղ ԱԱԾ-ն տեղեկություն էր տարածել, որի համաձայն, Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար պահանջել և երևանյան գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Այդ ամենը ներկայացնող տեսանյութ էր ԱԱԾ-ն հրապարակել: Քրեական գործն ուղարկվել էր Գլխավոր դատախազություն, որտեղից էլ՝ ՀՔԾ։
Ավելի ուշ Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացրեց, որ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով` (դատավորի կողմից խոշոր չափով կաշառք ստանալը) հարուցվել է քրեական գործ:
Եվ դրանից հետո միայն Գլխավոր դատախազությունը ԱԽ-ին միջնորդել էր այս գործով մեղադրյալ ներգրավել ու կալանավորել նրան։ Արդարադատության խորհուրդը որոշել էր բավարարել դատախազության միջնորդությունը:
Այս քրեական գործով կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ «կաշառքի միջնորդությունը»: Փաստաբանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կաշառքի գործով ձերբակալված փաստաբանն ազատ է արձակվել
- Կաշառքի գործով դատավորը կալանավորվել է
- Փաստաբանը իր պաշտպանյալ դատավորին բնութագրում է որպես «շատ բարձր արժանիքներով օժտված անձնավորություն»
- Կաշառքի գործով փաստաբան է ձերբակալվել
- ԱԽ-ն դատավորին կալանավորելու համաձայնություն է տվել
- Դատավորի կողմից ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում