«Թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia»
Ազգային ժողովում պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը բարձրաձայնեց ջերմատնների համար գազի սակագնի նվազման հարցը:
Նա Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց, թե տեղյակ է ինչի հաշվին է սակագինը նվազում:
Իգնատի Առաքելյանն ասաց՝ իրեն հետաքրքրում է այն որ գինը նվազել է, մնացածը չի հետաքրքրում: «Ես ուրախ եմ, որ ջերմատների համար սակագինը նվազել է»,- նշեց գյուղատնտեսության նախարարը:
Արամ Մանուկյանը նաև բարձրացրեց լոլիկի արտահանման հարցը:
«Ուզում եմ անդրադառնալ լոլիկի էպոպեային: Մի ժամ առաջ էլ հանդիպել եմ Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի ղեկավարին: Նա ինձ ասեց, որ 2015 թվականին անգամ 1000 տոննայի արտահանում չի եղել Հայաստանից, բայց պաշտոնական վիճակագրությամբ դրանից քառասուն անգամ ավելի լոլիկ է արտահանվել Ռուսաստան: Ես բաց հայտարարում եմ, որ սա հանցագործություն է: Դուք տեղյա՞կ եք՝ ինչ է տեղի ունեցել: Եթե՝ այո, ապա այսպիսի պետական մակարդակի խաբեության դեմ առնելու համար ի՞նչ եք անելու»,- հարցրեց Արամ Մանուկյանը:
Իգնատի Առաքելյանը նշեց, որ տեղյակ չէ դետալներից, միայն ուրախ է, որ արտահանումն ավելանում է:
«Ես գիտեմ, որ հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որն այստեղ ուսումնասիրություններ է իրականացրել: Արդյունքը եղել է այն, որ հնարավոր է այդքան լոլիկ արտահանել Հայաստանից:: Եթե դուք ավելի մանրամասն տեղեկություններ ունեք, ապա կարող ենք քննարկել»,- ընդգծեց նա:
ՀԱԿ պատգամավորը արձագաքեց. «Կարող եմ հիմա ասել. թուրքական ապրանքը մտնում է Հայաստան, վրան գրվում made in Armenia և արտահանվում: Դա հայկական ապրանք չէ: Սա քրեական հանցագործություն է, եղեք հետևողական»:
Հարակից հրապարակումներ`
- 2017 թվականին գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի 10 մլրդ 309 մլն դրամ
- Խաղողի գնման, մթերումների հետ կապված առաջիկայում կլինի համակարգային մոտեցում. Ռոբերտ Մակարյան
- Խաղողի մթերման հետ կապված բոլոր խնդիրներն ուսումնասիրվում են. Իգնատի Առաքելյան
- ՊԵԿ-ը թուրքական լոլիկի անօրինական ներկրման փորձ է բացահայտել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան