Հայաստանում ռազմական գիտությունների գծով ոչ մի դոկտոր չկա
Գիտական աստիճանների շնորհման համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել և արդեն ավարտվել են անվանացանկի վերահաստատաման աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը:
«Քանի որ Հայաստանում կան մասնագիտություններ, որոնց գծով դոկտորներ կամ չկան, կամ էլ շատ քիչ են, այդ իսկ պատճառով էլ մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Օրինակ, «Հատուկ մանկավարժությունը» ներառվել է «Մանկավարժության տեսության և պատմության մեջ», իսկ «Վերլուծական քիմիան»` «Անօրգանական քիմիայի» հետ»,-ասաց Լ. Արզումանյանը:
Նրա խոսքով՝ նախկին անվանացանկը հարմարեցված էր սովետական գիտական ներուժին, իսկ հիմա փորձել են հարմարեցնել ունեցած գիտական ներուժին. «40 մասնագիտություն կրճատվել է, սակայն դուրս մնացած մասնագիտություններ չկան, ինչպես նաև չկան նոր մասնագիտություններ: Իրականում մենք ոչինչ չենք կորցնում: 30 մասնագիտությւոնների գծով չունեն մասնագիտական խորհուրդ, բայց այնպես չէ, որ այդ մասնագիտությունների գծով պաշտպանություններ չեն իրականացվում. լինում են հատուկ պաշտպանություններ` հրավիրելով դրսից հյուրերի»:
ԲՈՀ նախագահը տեղեկացրեց, որ գիտական խորհուրդները նույնպես թարմացվել են և այսուհետ յուրաքանչյուր գիտնական կարող է լինել միայն մեկ խորհրդում և մեկ մասնագիտությամբ:
Հարցին, թե որ մասնագիտությունների գծով դոկտորներ չկան Հայաստանում, Լ. Արզումանյանը պատասխանեց. «Ռազմական գիտությունների գծով ոչ մի դոկտոր չունենք, սա մեր թույլ տեղն է: Չունենք նաև «Աստվածաբանության» դոկտոր, իսկ «Տարիքային մանկավարժության» գծով ընդամենը մեկ դոկտոր ունենք»:
Նա հավելեց նաև, որ ամենաշատ գիտական աստիճան ունեցողները ֆիզիկայի և մաթեմատիկայի գծով են:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները