Հայաստանի դպրոցներում մտադիր են կիրառել այլընտրանքային դասագրքերի ձևաչափը
Դասագիրք ստեղծելու գործը շատ բարդ գործընթաց է, և Հայաստանում դասագրքաստեղծ փորձ չի եղել: Այդ մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է Կրթության, գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ արձագանքելով այն դժգոհություններին, թե հայկական դպրոցների դասագրքերը լի են ակադեմիական բառապաշարով:
«Չես կարող մեխանիկական դասագիրք թարգմանել, բերել քո երկիր, որովհետև ինքը չի կարող քո երկրի պահանջը բավարարել: Խորհրդային ժամանակներում Հայաստանում դասագրքաստեղծ փորձ չկար, որովհետև բոլոր դասագրքերը այն ժամանակ, բացառությամբ հայոց լեզվի, գրվում էին Մոսկվայում: Երբ 1998-ին կանգնեցինք փաստի առաջ, որ Հայաստանում չկա դասագիրք, դպրոցի ծրագիրը բաց է, այդ ժամանակ Համաշխարհային բանկի օգնությամբ վարկային ծրագրով սկսեցինք հրատարակչություններին խրախուսել, որ իրենք ձևավորեն դասագրքաստեղծ կենտրոններ: Ո՞ւմ պիտի դիմեին, դիմեցին մասնագիտական ակադեմիական շրջանակներին և արդյունքում պրոբլեմը եղավ այն, որ դասագրքերը խիստ գիտական են: Մյուս պրոբլեմն էլ այն է, որ չենք կարողանում դասագրքերի այլընտրանքային բազա ձևավորել», -խնդիրը ներկայացրեց նախարարը:
Պաշտոնյայի խոսքով, աշխարհում այժմ դասագրքերը երկրորդական նշանակություն ունեն և կան այլ աղբյուրներ ինֆորմացիա ստանալու:
«Աշխարհում կրթությունը գնացել է նրան, որ դասագրքերը հիմա երկրորդական նշանակություն ունեն, ինֆորմացիոն հոսքերը այնքան են մեծացած, որ ուսուցիչը կարող է ինֆորմացիոն հոսքի մեջ դասագրքի հետ միասին տանել կրթության այլ ձևաչափ: Ուրեմն մենք պետք է մեր կրթական ծրագրերն այնպես անենք, որ կրթության այդ հատվածը չկախվի դասագրքից», -նշեց կառավարության անդամը:
Դաշնակցական նախարարն ասաց, որ դպրոց մտած ցանկացած դասագիրք քննադատության է ենթարկվում և դրանից խուսափելու համար առաջարկում է ստեղծել գիտական կենտրոն, որը կզբաղվի դասագրքաստեղծ գործով: «Լուրջ պրոբլեմ է, և մենք պետք է կարողանանք իմ կարծիքով Հայաստանում անցնել շուկայական հեղինակների մրցակցության համակարգին: Նաև ստեղծենք լուրջ գիտական կենտրոն, որը կզբաղվի դասագրքաստեղծ լուրջ գործով: Որովհետև չի կարող երկիրը սուվերեն լինել և իր դասագրքաստեղծ գործը չունենալ», -հավելեց նախարաը:
Բացի այդ, Մկրտչյանի ներկայացմամբ, փորձելու են դպրոցներում կիրառել այլընտրանքային դասագրքերի ձևաչափը, որպեսզի դպրոցներն իրենք ունենան իրենց բազան, որով կկարողանան փոխանցել տվյալներ:
Ինչ վերաբերում է հիմնականում բնագիտական առարկաների դասագրքերում հանդիպող ակադեմիական բառապաշարին, Մկրտչյանի խոսքով, այդ երևույթը դասաժամերի քանակի սեղմման հետևանք է:
«Օրինակ՝ բնագիտության մասով դասագիրքը գրվում է ամբողջական կուրսով, իսկ բնագիտության ժամերը խիստ կրճատված են: Սեղմում են, ստացվում է բառակույտ: Լուծումը ժամերի ավելացումն է հատկապես բնագիտական առարկաների մասով: Մեզ պե՞տք է գիտություն, եթե պետք է, ուրեմն պետք է բնագիտական առարկաների ժամերն ավելանան, պե՞տք են լեզուներ, ուրեմն պետք է լեզուների ծավալը ավելացնել», -նկատեց պաշտոնյան:
Ի դեպ, Լևոն Մկրտչյանը 4 անգամ անընդմեջ ղեկավարել է Կրթության, գիտության նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները