Շարունակվում են երիտասարդ ընտանիքների՝ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու ծրագրի քննարկումները
«Ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ ազգային ծրագրի» շուրջ քննարկումները շարունակվում են: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ ծրագրով պետք է երիտասարդ ընտանիքներին առանց կանխավճարի հիպոթեքով բնակարան ձեռք բերելու հնարավորություն տրվի:
«Սոցիալ-ժողովրդագրական խնդիրների լուծման ուղղությամբ կառավարությունը նախատեսում է 2017թ. համապատասխան ծրագրերի իրականացում: Ես կարծում եմ, որ ժամանակին բոլոր հարցերը կունենան իրենց պատասխանները»,- ասաց Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ծրագիրը կյանքի կոչվելու է, թե ոչ, և այդ ուղղությամբ ինչ քայլեր են ձեռնարկվում:
Նախարարը նշեց, որ ծրագրերը, նախաձեռնությունները, իրավական ակտերի նախագծերը նախապես քննարկվում են և, երբ հաստատվում են, այդ պահից են դառնում ծրագիր, իրավական ակտ կամ իրավական նորմ՝ ենթակա պարտադիր կատարման: «Հիմա այդ աշխատանքները շարունակվում են: Ես կարծում եմ, որ դուք ամեն ինչի վերաբերյալ կունենաք լիարժեք տեղեկատվություն, երբ մենք կունենանք ամբողջական որոշումը»,- ընդգծեց Արտեմ Ասատրյանը՝ հավելելով, որ ծրագրի շուրջ քննարկումները շարունակվում են պետական մարմինների շրջանակներում:
Առաջիկայում, ըստ նրա, նախատեսվում են նաև այդ քննարկումներին մասնակից դարձնել ոչ պետական հատվածի գործընկերներին, քանի որ կառավարությունը նախատեսում է նաև պետություն-մասնավոր գործընկերային հարաբերությունների շրջանակներում միջոցներ ներգրավել այդ ծրագրերի իրականացման համար:
Հարցին, թե Կարեն Կարապետյանին ներկայացվե՞լ է այդ ծրագիրը, ի՞նչ կարծիք ունի դրա վերաբերյալ, Արտեմ նախարարը պատասխանեց. «Այո, ներկայացվել է և նաև վարչապետի հանձնարարականով այդ քննարկումներն իրականացվում են»:
Արտեմ Ասատրյանը հնարավոր համարեց նաև այն, որ հաջորդ տարվա բյուջեում կարող են միջոցներ հատկացվել այս ծրագրի իրականացման համար. «Ամեն ինչ էլ հնարավոր է, ոչինչ բացառել չի կարելի»:
Հարակից հրապարակումներ`
- Քննարկումները շարունակվում են. Արտեմ Ասատրյանը՝ առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու ծրագրի մասին
- Առանց կանխավճարի բնակարան գնելու մասին ծրագիրը ներկայացվել է կառավարություն
- Հիմնական նպատակը Հայաստանում սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորումն է. Արտեմ Ասատրյան
- Կանխավճարի շեմի նվազեցում, տարիքային շեմի բարձրացում. նոր պայմաններ բնակարան ձեռք բերող ընտանիքներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին