ՄոբիԴրամն առաջարկում է առցանց միկրովարկավորում՝ առաջին անգամ Հայաստանում
ՄոբիԴրամը՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերությունը, շարունակում է հարմարավետ ծառայություններ ներկայացնել իր հաճախորդներին: Առաջարկվում է բջջային հավելված iOS և Android հեռախոսների համար, ինչի շնորհիվ հաճախորդը հնարավորություն կունենա ՄոբիԴրամի հաշիվը կառավարել և ընկերության բոլոր ծառայություններից օգտվել՝ բջջային սարքի միջոցով:
Այսօր ՄոբիԴրամը հանդես է եկել լավ նորությամբ: Առաջին անգամ Հայաստանում ՄոբիԴրամն ընձեռում է նաև միկրովարկեր ստանալու հնարավորություն՝ սկսած 5000 (հինգ հազար) ՀՀ դրամից, որի ձևակերպումը կարելի է անել ցանկացած վայրից՝ առցանց, ցանկացած օր, ցանկացած ժամի՝ առանց գրավի կամ երաշխիքի: Ծառայության դիմաց կգանձվի օրավճար:
Հաճախորդներին նոր գործիք առաջարկելու ՄոբիԴրամի մոտեցումը նպատակ ունի բարելավել սպասարկման ոլորտը, կրճատել ժամանակի անհարկի կորուստը և վարկավորման հնարավորությունը հասանելի դարձնել ֆինանսական սահմանափակ միջոցներ ունեցողներին: Ծրագիրը կյանքի է կոչվել Հայաստանում առաջին լիցենզավորված միկրոֆինանսական կազմակերպության՝ «ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊ ընկերության հետ համագործակցության արդյունքում:
«Լինելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի դուստր ընկերություն՝ ՄոբիԴրամը ևս առաջնորդվում է «լայն հնարավորություններ՝ հաճախորդին» սկզբունքով: Դա ենթադրում է բարձրակարգ սպասարկում և նոր գործիքների տրամադրում: Հարմարավետ և ճկուն լուծումներով` մենք ժամանակ առ ժամանակ ընդլայնում ենք հաճախորդին առաջարկվող ծառայությունների ցանկը: Արդյունքում, բջջայինը ոչ միայն կապի կամ էլեկտրոնային հուսալի վճարամիջոց է, այլև միկրովարկեր ստանալու լուրջ գործիք: Ստեղծված են պարզ ընթացակարգեր՝ հաճախորդի ժամանակն ու միջոցները խնայելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: