Զիվորական ծառայությունից հետո մեր մարզիկներից քչերն են վերադառնում մեծ սպորտ
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականն Օլիմպիական նոր՝ քառամյա ցիկլ է սկսել: Աստիճանաբար պետք է ձևավորվի հավաքականը, որը կկարողանա պատվով հանդես գալ Տոկիոյում 2020 թ. կայանալիք Օլիմպիական խաղերին: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած զրույցի ժամանակ հայտարարեց ընտրանու գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը՝ միաժամանակ ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները:
«Սկսվում է նոր քառամյա ցիկլ: Այդ ընթացքում կփորձարկենք նոր և երիտասարդ ըմբիշներին, որպեսզի մինչև Օլիմպիադան կարողանանք պատկերացում կազմել, թե ինչ կազմով ենք մոտենալու Օլիմպիական խաղերին»,- ասաց Ջուլֆալակյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչն իր դժգոհությունը հայտնեց Հայաստանի առաջնության մասնակիցների քանակից, քանզի հանրապետությունում կան 150-ից ավելի մարզիչներ, սակայն մասնակիցների քանակը չի գերազանցում 63-ը: Ջուլֆալակյանը, իրավամբ, երևույթն անբնական որակեց և փորձեց բացատրել պատճառները:
«Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մեր հավաքականը լավագույններից մեկն է հանրապետությունում, բայց, ցավոք, այս տարի ունեինք ընդամենը 63 մասնակից, ինչը լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Պառճառները մի քանիսն են. հիմնական խնդիրն այն է, որ զինվորական ծառայությունից հետո մեր մարզիկներից շատ քչերն են վերադառնում մեծ սպորտ: Մյուս խնդիրն այն է, որ մարզիչների մոտեցումը թուլացել է: Չի կարելի հանրապետությունում ունենալ 150 մարզիչ, միաժամանակ 63 մասնակից: Դա ոչ բնական երևույթ է»,- շեշտեց նա:
Panorama.am-ի թղթակցի այն հարցին, թե ի՞նչ է հարկավոր, մարզիչների պատասխանատվության և մասնակիցների քանակի հետ կապված խնդիրը լուծելու համար, Ջուլֆալակյանը պատասխանեց.
«Յուրաքանչյուր մարզիչ պետք է գիտակցի, որ եթե ինքն աշխատում է, պետք է նաև պատասխանատու լինի իր սանի համար: Հասկանալի է, որ ոչ բոլորն են աշխատում մեծահասակների հետ: Ոմանք պատրաստում են երիտասարդ ըմբիշների: Ամեն դեպքում՝ նման քանակի մարզիչներ ունենալու դեպքում հանրապետության առաջնությանը պետք է ակնկալենք նվազագույնը 100 մասնակից: Այդ հարցի շուրջ արդեն զրուցել եմ նախարարի հետ: Թե սպորտի նախարարությունը, թե մեր ֆեդերացիան կզբաղվեն դրանով: Լուրջ մոտեցում է հարկավոր՝ հետագայում նման փաստի առաջ չկանգնելու համար»:
Մեր հավաքականը երկար տարիներ տարբեր տեսակի մրցաշարերից վերադառնում է հաղթանակներով և մեդալներով: Ջուլֆալակյանի խոսքերով՝ այսօր մարզիկներն էլ, մարզիչներն էլ, պետք է գիտակցեն դա:
«Թե մարզիկները, թե մարզիչները պետք է ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն, ավելի նպատակասլաց լինեն, երիտասարդ ըմբիշները ձգտեն ընդգրկվել հավաքականի կազմում և, ինչու չէ, նաև գերազանցեն նույն իրենց ընկերների արդյունքները: Կաղում ենք 98 և 130 կգ քաշային կարգերում: Մնացած քաշերում կան ըմբիշներ, ում հետ կարելի է հույսեր կապել, աշխատել և հասնել արդյունքի»,- նշեց Ջուլֆալակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում