Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի համար դիտարկվում են Լուսինե Զաքարյանի, Վարդգես Սուրենյանցի տները
«Մինչև 2020 թվականը նախատեսում ենք Ախալցխայի մեծերի միացյալ թանգարան հիմնել: Ձևավորվելու է Ախալցխայի մեծերի միացյալ թանգարանի ստեղծման հանձնաժողով, որն էլ կորոշի, թե ինչ շենքում կարող ենք բացել նման թանգարան»,- լրագրողների հետ հանդիպմանը ասաց «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը:
Նրա խոսքով՝ Ախալցխայում դիտարկում են տարբեր շենքեր՝ Լուսինե Զաքարյանի, Վարդգես Սուրենյանից տները, 1830 թվականին կառուցված և մինչ այժմ շատ լավ պահպանված մի կառույց և այլ շինություններ:
«Անձամբ գնացել, տեսել եմ Լուսինե Զաքարյանի տունը: Սուբյեկտիվ կարծիք ունեմ, որ դա չի կարող ամենալավ տարբերակը դիտարկվել: Ախալցխայում մեծերը շատ են: Մենք նախատեսում ենք, որ թանգարանի շենքի ամեն մի պատ նվիրված լինի մեծերից մեկին: Լուսինե Զաքարյանի տունը, իմ համոզմամբ, այդ հնարավորությունը չի տալիս: Շատ խառը տուն է»,- նշեց Ա.Հակոբյանը:
Նա ասաց, որ Լ. Զաքարյանի տունը վաճառվում է 45-50 հազար դոլարով: Երկհարկանի տան առաջին հարկում այժմ բնակվում է վրացի ընտանիք: Երկրորդ հարկը պատկանում է հայ ընտանիքի, որն այժմ Ռոստովում է բնակվում. «Մեզ ասացին, որ հայ ընտանիքն էլ է պատրաստ վաճառել, սակայն ստույգ տեղեկություն չունենք»:
Ա.Հակոբյանի խոսքով՝ Ախալցխայի մեծերի միացյալ թանգարան ստեղծելու հարցով հանդիպել է նաև Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ: Հանձնաժողովի կազմում, ըստ նրա, ներգրավված կլինեն նախարարության մասնագետներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, Ախալցխայի հայ համայնքից մարդիկ: Մինչև տարեվերջ հնարավոր է արդեն մեկ այցելություն կազմակերպվի:
Հարցին, թե ի վերջո ի՞նչ ճակատագիր է սպասվում Լուսինե Զաքարյանի տանը, Ա. Հակոբյանը դժվարացավ որևէ պատասխան տալ. «Եթե գտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ լինեն ներդրում անել և Լուսինե Զաքարյանի տան գնման, և մեծերի միասնական թանգարանի ստեղծման համար, շատ ավելի լավ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան