«Պետական բյուջեով միայն մի դրական միտում կա». Տնտեսագետ
«2017 թվականի պետական բյուջեն, ըստ էության, արտացոլում է այն տնտեսական իրողությունը, որն առկա է երկրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:
«Խոշոր իմաստով 2016 թվականի պետական բյուջեի հետ համեմատած էական փոփոխություններ չկան, մասնավորապես՝ եկամուտների մասով 2017 թվականի պետբյուջեով ակնկալվում է 1 տրիլիոն 210 մլրդ դրամ, ծախսային մասով մոտ 1 տրիլիոն 360 մլրդ դրամ: Ինչպես նկատում եք, ծախսերն ավելի շատ են, քան կանխատեսված եկամուտները, և հետևաբար պակասորդն էլ բյուջեի կլինի մոտ 150 մլրդ դրամ»,- նշեց տնտեսագետը:
Նրա կարծիքով՝ արմատական, կտրուկ փոփոխություններ 2017-ի պետբյուջեն դժվար թե տա և այն նույն համամասնություններն ու տրամաբանությունն ունի, ինչ վերջին մի քանի տարվա բյուջեն. «Միայն մի դրական միտում կա, որ գործադիր, օրենսդիր մարմինների հատկացումների մեջ մոտավորապես 10 մլրդ դրամի նվազում կա, ինչն էլ կարելի է պայմանավորել կառավարության վերջին շրջանում օպտիմալացման, պետական ապարատի ուրճացված ծախսերի կրճատմանը միտված քաղաքականությամբ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի պետական պարտքին, որը սպասարկելու համար եկող տարվա բյուջեից արդեն 119 միլիարդ դրամ պետք է ուղղվի, Կառլեն Խաչատրյանն ասաց, որ լուրջ բեռ է պետբյուջեի համար. «Տարիներ ի վեր թե նախկին վարչապետեր Տիգրան Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը, թե ֆինանսական ոլորտի մնացած պատասխանատուները հասարակական-քաղաքական գործիչների մտահոգություններին ի պատասխան վստահեցնում էին, թե՝ պետական պարտքը միանգամայն կառավարելի է և չի մոտեցել վտանգավոր շեմին, սակայն՝ պետական պարտքը բավականին ուռճացրել ենք»:
Տնտեսագետի խոսքով՝ տարեցտարի պետական պարտքի սպասարկմանն ավելի ու ավելի մեծ գումարներ են ուղվում. «Կառավարության վերջին նիստերում հիմնական շեշտադրումն արվում է, որ նոր վարկային ռեսուրսները վերցվելու են բացառապես հավելյալ արժեք ստեղծելու ակնկալիքով: Որովհետև, եթե վարկը վերցվում է ենթակառուցվածքներ զարգացնելու, թեկուզ սոցիալական խնդիրներ լուծելու համար, դրանք ծախսվում են, բայց արժեք չեն ստեղծում, հետևաբար, բյուջեի վրա դրանց սպասարկման բեռն է մնում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան