Քանի՞ գործազուրկ է ընդունվել աշխատանքի. Նաիրա Զոհրաբյանի հարցը՝ Արտեմ Ասատրյանին
Ազգային ժողովում այսօր 2017 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե գործազուրկների նպաստի կրճատումից հետո քանի՞ գործազուրկ է ընդունվել աշխատանքի:
«Հիշում ենք հերոսական ռեֆորմատոր Տիգրան Սարգսյանի կառավարության որոշումը, որով 18 հազար դրամ գործազրկության նպաստը հանվեց: Այն հետագայում պետք է տրվեր ինչ-որ կենտրոնների՝ ուսուցում կազմակերպելու, այնուհետ ծրագրի մասնակիցներին աշխատանքով ապահովելու համար: Արդեն քանի տարի անցել է այդ ծրագրից, քանի՞ գործազուրկ է ուսուցանել այդ կենտրոններում և քանիսն են աշխատանք ստացել»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը և խնդրեց մատնանշել այդպիսի կենտրոններից գոնե մեկի անունը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2015 թվականին մասնագիտական ուսուցման ծրագրում ընդգրկվել է 969 անձ, որոնց 87,2%-ը դարձել է կայուն զբաղված: Դա նշանակում է, որ անձը դարձել է վարձու աշխատող, աշխատավարձ է ստացել, եկամտահարկ է վճարել:
«Իհարկե, աշխատաշուկայում կա առաջարկի և պահանջարկի դիսբալանս, աշխատաշուկայում կան անմրցունակ անձինք, սակայն զբաղվածության ոլորտում իրականացվող պետական ծրագրերն ուղղված են աշխատաշուկայում բացառապես անմրցունակ անձանց` երկարատև գործազուրկներին, որոնք չեն կարողանում իրենց տեղը գտնել աշխատաշուկայում»,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Ըստ նրա՝ Զբաղվածության գործակալության միջոցով տարվա ընթացքում շուրջ 15 հազար մարդ տեղավորվում է աշխատանքի: «Գործազրկության նպաստի ծրագիրն ապահովում էր 6 տոկոս կայուն զբաղվածության գործակից, իսկ այս ծրագրերը՝ 75% և ավելի կայուն զբաղվածության գործակից»,- ասաց նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Հաջորդ տարի Հայաստանի քաղաքացիների կենսամակարդակը բարձրանալու է. Արտեմ Ասատրյան
- Արամ Մանուկյանը՝ սոցնախարարին. Կատաստրոֆայի շեմին եք
- 2017 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409 մլրդ դրամ. Ատոմ Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան