Լևոն Ջուլֆալակյան. «Աշխատածս տարիների ընթացքում կարողացել եմ ապացուցել իմ պրոֆեսիոնալիզմը՝ արդյունքների տեսքով»
Դեկտեմբերի 9-12-ը Հունգարիայում տեղի կունենա հունհռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ ոչ օլիմպիական քաշային կարգերում Հայաստանը կունենա 2 մասնակից: Այս մասին լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Հայաստանն աշխարհի առաջնությունում կներկայացնեն 71 կգ քաշային Վարշամ Բորանյանը և 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը: Ստուգատեսից առաջ մեր ընտրանին Երևանում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Հունգարիայից վերադառնալուց հետո տարին կեզրափակենք ծաղկաձորյան հավաքով: Հաջորդ տարի արդեն կլինեն մի շարք մրցաշարեր: Փետրվարին կմասնակցենք աշխարհի գավաթի խաղարկությանը, մայիսին՝ Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը, օգոստոսին՝ Ֆրանսիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ ընթացքում կլինեն նաև բազմաթիվ մարզական հավաքներ, միջազգային մրցաշարեր և դրանց միջոցով կկարողանանք ձևավորել հավաքականը:
Panorama.am-ի այն հարցին, թե Հայաստանի առաջնությունում 71 կգ քաշային կարգում ունենք նոր չեմպիոն՝ ի դեմս Ռաֆայել Ալեքսանյանի, սակայն նախապես որոշված էր, որ աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնի ավելի փորձառու Վարշամ Բորանյանը: Կարո՞ղ է արդյոք Ռաֆայելը մրցակից լինել Բորանյանին, Ջուլֆալակյանը պատասխանեց.
«Բոլորս գիտենք, որ Վարշամ Բորանյանը տարիներ շարունակ հաղթում է Հայաստանի առաջնությունում և Ռաֆայել Ալեքսանյանի հետ ունեցած գոտեմարտերում զգալի առավելություն ունի: Վարշամը Եվրոպայի գործող չեմպիոնն է և մասնակցած մրցաշարերով և փորձով գերազանցում է Ռաֆայելին: Բնականաբար, Բորանյանին հնարավորություն տրվեց բաց թողնել Հայաստանի առաջնությունը: Վարշամը հիանալի մարզավիճակում է և մենք պարտավոր ենք նրան հնարավորություն տալ մասնակցելու աշխարհի առաջնությանը: Ալեքսանյանը նույնպես լավ ըմբիշ է, սակայն ներկայիս իրավիճակում Բորանյանի առավելությունն ակնհայտ է»,- նշեց գլխավոր մարզիչը:
Ջուլֆալակյանը նաև խոսեց այն ըմբիշների մասին, ովքեր բաց էին թողել Հայաստանի առաջնությունը: Մասնավորապես՝ Արսեն Ջուլֆալակյանը շարունակում է մարզվել և լավ է տրամադրված: Միհրան Հարությունյանը, ինչպես գիտեք, վիրահատության է ենթարկվել և մոտ 8 ամիս կպահանջվի՝ վերականգնվելու համար: Վարշամ Բորանյանն առաջնությունը բաց է թողել, քանզի մասնակցում էր Իրանի ակումբային առաջնությանը, իսկ մեկ ամիս անց Հայաստանը կներկայացնի աշխարհի առաջնությունում, դե իսկ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին պարզապես «չեմպիոնական» հանգիստ էր տրված:
«Իմ աշխատած տարիների ընթացքում կարողացել եմ ապացուցել իմ պրոֆեսիոնալիզմը՝ գրանցված արդյունքների տեսքով: Իմ գլխավոր նպատակն այն է, որ ապահովենք մեդալների քանակ և որակ: Եթե ես մարզիկներին ճիշտ չպատրաստեմ կամ սխալ պլանավորեմ մրցումները, կարող ենք առանց մեդալ վերադառնալ և պատճառը կլինի այն, որ մենք ծանրաբեռնել ենք մարզիկներին: Եթե Հայաստանի առաջնությունից ազատվում է որևէ ըմբիշ, մյուս հայ ըմբիշների հետ նա անպայման ուժերը չափում է որևէ միջազգային մրցաշարում, որից հետո նոր միայն որոշվում է, թե ովքեր կարող են Հայաստանը ներկայացնել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում»,- նշեց Ջուլֆալակյանը:
Անդրադառնալով հունահռոմեական ոճի ըմբշամարտում օրենքների փոփոխությանը՝ մասնավորապես, «պարտերի» վերացմանը, Լևոն Ջուլֆալակյանը հայտնեց իր դժգոհությունը՝ նշելով, որ մտավախություն ունի, որ մարզաձևն օրենքների այս փոփոխությունից հետո պարզապես կնմանվի սումոյի: Ամենավտանգավորը կլինի այն, որ մրցավարների կողմնակալության հնարավորությունն անհամեմատ կմեծանա, գոտեմարտերը կդառնան տգեղ: Աշխարհի առաջնությունից հետո ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան կքննարկի փոփոխության հարցն ու նոր միայն որոշում կկայացնի: Բայց, Ջուլֆալակյանի հավաստամամբ, անկախ ամեն ինչից, պետք է պատրաստ լինել պայքարել ու մեդալներ նվաճել ցանկացած փոփոխության դեպքում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում