Երբ ճարտարապետը նաև գեղանկարիչ է
«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում այսօր բացվեց այս տարվա 11-րդ ցուցահանդեսը: Նախորդներից տարբերվում է, քանի որ գեղանկարների հեղինակները ոչ թե գեղանկարիչներ են, այլ ճարտարապետներ: 11 ճարտարապետի երեք տասնյակից ավելի ջրաներկ, գրաֆիկական աշխատանքների թեմատիկան հիմնականում ճարտարապետությունն էր՝ տներ, շենքեր, եկեղեցիներ:
«Նկարում են հայ ճարտարապետները» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են ճարտարապետներ Արծվին Գրիգորյանի (1935-2012 թթ), Ջիմ Թորոսյանի (1926-2014 թթ), Օլեգ Վարդանյանի (1946-1997 թթ), Մարկ Գրիգորյանի (1900-1978 թթ), Արթուր Թարխանյանի (1932-2006 թթ), Վարուժան Սահակյանի (1925-1985 թթ), Գարրի Ռաշիդյանի (1933-2016 թթ), Կառլեն Անանյանի (1924-2011 թթ), Ստեփան Քյուրքչյանի (1929-2014 թթ), Օհան Բերբերյանի (1937-1998 թթ), Սաշուր Քալաշյան (1936 թ.) աշխատանքները:
«Ամեն ճարտարապետ իր սրտի խորքում պահած ունի մի փոքրիկ, թաքուն, անձնական նամակների նման, ստեղծագործական ուղի: Այդ աշխատանքները հիմնականում չեն ցուցադրվել, քանի որ նրանք նկարել են իրենց հոգու համար, բացարձակ անկեղծ նկարներ են»,- ասաց թանգարանի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը Panorama.am-ի հետ զրույցում ներկայացված աշխատանքները գնահատեց՝ «հրաշալի»:
«Հայ կերպարվեստում էտյուդային նկարչությունը կարևոր և մեծ ավանդույթներ ունի: Ճարտարապետների ձեռքի տակ զտվում են ամբողջ հմայքով, փայլում: Հրաշալի գործեր են հենց գեղարվեստական որակով»,- ասաց արվեստաբանը:
Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռը՝ Մարկ Գրիգորյանը նշեց, որ ներկայացված աշխատանքներն իր համար հայտնություն են:
«Մի բան է, երբ տեսնում ես մարդուն իր պրոֆեսիոնալ աշխատանքի մեջ ու դրա արդյունքը, այլ բան, երբ տեսնում ես այդ մարդու ջրաներկ, գրաֆիկական աշխատանքները, որտեղ նա ինքնաարտահայտվել թ: Այս աշխատանքները նոր ինֆորմացիա են տալիս իրենց հեղինակների մասին»,- ասաց Մարկ Գրիգորյանը:
Ցուցահանդեսում ներկայացված է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի 4 աշխատանք:
«Սիրում էր ազատ ժամանակ նկարել: Երբ ազատ ժամանակ էր ունենում, քաղաքից դուրս էր գալիս, դրա համար հիմնականում Հայաստանի տարբեր վայրերն է ներկայացրել»,- ասաց ճարտարապետի թոռը:
Մարկ Գրիգորյանից պահպանվել է 7-8 գեղանկար, բայց ավելի շատ է ունեցել:
«Դեռ իր կենդանություն օրոք մի քանի գործ գողացել էին: Ասում էր՝ հպարտանում եմ, որ ինձ դասում են մեծ նկարիչների թիվը, քանի որ գողացել են նկարներս»,- պապի խոսքերը հիշեց Մարկ Գրիգորյանը:
Ճարտարապետ Արծվին Գրիգորյանի դուստրը՝ Արևիկ Գրիգորյանը նշեց, որ իր հայրիկը բավականին շատ գեղանկար աշխատանքներ ունի:
«Բացի ճարտարապետական բուռն գործունեությունից, զբաղվում էր նաև գեղանկարչությամբ: Ամեն օր նկարում էր: Մեկը մյուսին լրացնում էր»,- ասաց ճարտարապեսի դուստրը:
Վարուժան Սահակյանի դստեր՝ Աննա Սահակյանի խոսքով, ճարտարապետների մոտ հոգու պոռթկում էր. երբ ճարտարապետության մեջ ինչ-որ բանով չէին բավարարվում, փորձում էին գեղանկարչության միջոցով արտահայտել:
«Վարուժան Սահակյանի մոտ ճարտարապետությունը ոչ լիրիկական է, իսկ նկարները՝ հակառակը: Շատ սիրով էր նկարում: Նպատակը ոչ թե ցուցադրվել էր, այլ հանգստանալու, ինքնաբավարարման միջոց էր: Հիշում եմ՝ շատ անգամ էտյուդնիկը վերցնում էր ու գնում քաղաքից դուրս նկարելու»,- ասաց Աննան:
Արթուր Թարխանյանի աշխատանքներում ներկայացված են հայկական եկեղեցիները: Ճարտարապետի դուստրը՝ Անահիտ Թարխանյանն ասաց, որ հայրը շատ էր սիրում հայկական եկեղեցիները և իր հիացմունքը փոխանցել է թղթին:
Անահիտ Թարխանյանը նույնպես ճարտարապետ է, սակայն գեղանկար աշխատանքեր չունի. «Գեղանկարչությունը ժամանակ է պահանջում, իսկ այսօրվա կյանքն այնքան լարված է, խնդիրները շատ, որ բացարձակապես ժամանակ չի մնում»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նկարել է երիտասարդ տարիներին, հիմա ժամանակ չունի:
«Երբ որ անցա նախագծային աշխատանքների, նկարելու ժամանակ չմնաց»,- ասաց ճարտարապետը:
Նրա ներկայացմամբ՝ գեղանկարի միջոցով ցանկացել է արտահայտել այն պահը, թղթին հանձնել այն ակնթարթը, որ իրեն գրավել է:
Ս. Քալաշյանը նշեց, որ ճարտարապետների 5-10 տոկոսի մոտ է, որ կա նման հակումներ: