Մասնագետ՝ Հայաստանում ևս ՄԻԱՎ համաճարակ կա
Եթե երկրում Մարդու իմունայիին անբավարարության վարակի (ՄԻԱՎ) մեկ կամ երկու դեպք եղավ, ապա դա համարվում է համաճարակային վիճակ: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը:
Նշենք որ Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում նախօրեին պաշտոնապես հայտարարվել էր ՄԻԱՎ համաճարակի մասին: Քաղաքապետարանի առողջապահության վարչության տվյալներով, քաղաքում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 26.693 դեպք, ինչը նշանակում է, որ 100 հազար բնակչին ընկնում է 1826 վարակակիր, այսինքն՝ բնակչության 1,8 տոկոսը: ՄԻԱՎ-ով վարակված է Եկատերինբուրգի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը:
Մեկնաբանելով այս տեղեկությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով հարևան երկրում հայերի արտագնա աշխատանքի մեկնելու հանգամանքը, հայ համաճարակաբանը ներկայացրեց, որ ՄԻԱՎ-ի պարագայում համաճարակն ունի մի քանի փուլ՝ նախնական, խտացման և տարածման:
«Ռուսաստանում հիմա երրորդ՝ տարածման փուլն է: Այդ երկրում համաճարակի մասին հայտարարությունը, հավանաբար, նպատակ ունի ավելի շատ հանրության և որոշում կայացնողների ուշադրությունը խնդրի վրա սևեռել: Եթե վարակը մեկ տոկոսի շեմը անցնում է, ապա երկիրը գտնվում է տարածման փուլում, հիմա կոնկրետ այդ քաղաքում համաճարակի երրորդ փուլն է ու դրա դեմ պետք է քայլեր ձեռնարկել», -բացատրեց մասնագետը:
Իսկ իրականում ՄԻԱՎ վարակի համաճարակը, ըստ մասնագետի, տարբերվում է ասենք՝ «խոզի գրիպի» համաճարակից:
«Գրիպի համաճարակի դեպքում սկսվում են միջոցառումներ իրականացնել՝ դպրոցներ են փակվում, պատվաստումներ են կատարվում և այլն, բայց ՄԻԱՎ-ի հետ կապված չկա որևէ ցուցում, որ հայտարարվի համաճարակ ու սկսվեն գործողություններ: Շատ յուրահատուկ ու տարբերվող վարակ է», - հավելեց Արզաքանյանը:
Հայաստանում ՄԻԱՎ վարակի համաճարակ, մեր զրուցակիցն ասաց, կա, բայց այն նախնական փուլում է: Մի քանի տարի առաջ, օրինակ, համաճարակը եղել է երկրորդ փուլում՝ խտացման: Սակայն, ինչպես մասնագետն ասաց, առողջապահության կազմակերպիչների տարիների աշխատանքի շնորհիվ, կարողացել են բարելավել վիճակը:
«Փառք Աստծո, Հայաստանում ՄԻԱՎ վարակի համաճարակի առաջին փուլն է և հուսով եմ չի զարգանա, չի տարածվի», -նշեց մասնագետը:
Այդուհանդերձ, Արզաքանյանի խոսքով, պետք է պայքարել, որ վարակի համաճարակի փուլը չխորանա:
Ռուսաստանի «մեղքը» Հայաստանում ՄԻԱՎ վարակի գոյության հարցում կա և շատ մեծ է, ու դրա տարածման համար ակտիվ է «խոպանչիների» դերը: «Մեր երկրում ՄԻԱՎ վարակի նոր դեպքերի մեծ մասը արտերկրում վարակվածներն են, որոնց թվում գերակշիռ մասը՝ 90 տոկոսը, խոպանչիներն են, այսինքն՝ Ռուսաստան մեկնածները», -նշեց նա:
Մասնագետը հորդորում է հետևել առողջությանը, եթե ունեցել են պատահական սեռական հարաբերություն առանց պաշտպանվելու, դիմեն հետազոտվելու, իսկ ընդհանրապես, սեռական հարաբերություն ունենալ պահպանակներով:
«Անպայման պետք է հետազոտվեն, որպեսզի հնարավոր լինի վաղ հայտնաբերել վարակը, ինչպես նաև կանխարգելեն հետագա տարածումը», -հավելեց նա: