Ոստիկանությունում «Սեքյուրիթի դրիմի» և «Փարքինգ սիթի սերվիսի» հետ իրավական մեխանիզմներ են մշակում
Այսօր ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում նշել է այն ոլորտները, որոնց «կատարելագործման ուղղությամբ պետք է աշխատի ոստիկանությունը»:
Ոստիկանապետը ոստիկանության կոլեգիայի անդամներին, կենտրոնական ապարատի վարչությունների և ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ներկայացրել է նախօրեին Հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարքինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է՝ նրանց գործառույթները, այդ թվում՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական և համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով:
Նշելով, որ հանձնարարականների կատարումն արդեն իսկ ընթացքի մեջ է, Վլադիմիր Գասպարյանը անդրադարձել է քննարկված երրորդ հարցի՝ ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգի մշակմանն ու ժամկետներին:
Հանձնարարականների առարկայական քննարկումից, համապատասխան ստորաբաժանումների խնդիրների և դրանց կատարման ժամկետների որոշարկումից հետո անդրադարձ է եղել նաև ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար սահմանված վարչական տուգանքների վճարման գործընթացի առանձնահատկություններին ու կատարելագործման մեխանիզմներին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ճանապարհային ոստիկանի աշխատանքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցառումների, երթևեկության կարգավորման ժամանակակից մեխանիզմների մշակման և մի շարք այլ հարցեր:
Հարակից հրապարակումներ`
- Արագաչափերից ու տեսահսկման սարքերից ստացվող գումարներն ամբողջ ծավալով կտնօրինի պետությունը. Ֆինանսների նախարար
- Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ
- ՀՀ նախագահ. Արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը կտնօրինի պետությունը