Չինացիները Հայաստանի վիզա կկարողանան ստանալ էլեկտրոնային եղանակով
Գործադիրը փոփոխություն է կատարել 2008թ. ապրիլի 4-ի՝ «Այն պետությունների ցանկը հաստատելու մասին, որոնց քաղաքացիները ՀՀ մուտքի վիզա ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններ և հյուպատոսական հիմնարկներ և միայն հրավերի հիման վրա» որոշման մեջ՝ համապատասխան կետից հանելով «Չինաստանի» բառը:
Ինչպես գործադիրի այսօրվա նիստում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հայաստանի վիզա ստանալու հայտերի էլեկտրոնային համակարգը հասանելի կլինի Չինաստանի քաղաքացիների համար:
Նման փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2015թ.-ից ի վեր ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի կտրուկ աճով. 2015թ. նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է շուրջ 70 տոկոս, իսկ 2016թ. 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 80 տոկոս աճ:
Հիմնավորման համաձայն, ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման մերժման դեպքերը գրեթե բացակայում են: Ներկայումս ՉԺՀ քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի տրամադրման միակ բարդությունը կապված է երկրի աշխարհագրական չափերի հետ, ինչը դժվարություն է ստեղծում մայրաքաղաքից հեռու բնակվող ՉԺՀ քաղաքացիների համար: Նշված խնդրի արդյունավետ լուծման տարբերակ կարող է հանդիսանալ ՉԺՀ քաղաքացիներին E-VISA համակարգից օգտվելու հնարավորության ընձեռումը, ինչը կնպաստի, մասնավորապես, ՀՀ այցելող ՉԺՀ քաղաքացիների թվի աճին: