ՔԱԳՎ. «Զվարթնոց» օդանավակայանի գները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար
«Պոբեդա» ավիաընկերությունը հրաժարվում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ իրականացնել դեպի Դոնի Ռոստով: «Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ, պատճառը ուղևորների սպասարկման բարձր գներն են:
«Մենք որոշել ենք հրաժարվել դեպի Երևան թռիչքներից «Զվարթնոց»-ի՝ ուղևորների սպասարկման չափազանց բարձր գների պատճառով: Այն մեկ ուղևորի համար կազմում է 50 եվրո, ավելի շատ քան մեր սակագին է»,-գործակալությանն ասել է աղբյուրը:
Աղբյուրը հիշեցնում է, որ շաբաթական չորս անգամ Դոնի Ռոստով-Երևան և հակառակ ուղղությամբ չվերթներ իրականացնելու թույտվություն ընկերությունը ստացել էր այս տարվա հուլիսին, սակայն այդպես էլ թռիչքներ չիրականացրեց:
ՔԱԳՎ մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով տեղեկատվությունը նշեց.
««Զվարթնոց»-ը բյուջետային ավիաընկերություններին սպասարկող օդանավակայան չէ, և նախընտրել էր թռիչքներն իրականացնել «Շիրակ» օդանավակայանից: Բնականաբար՝ «Զվարթնոց» օդանավակայանի գները հարմար չեն բյուջետային ավիաընկերության համար»:
Ս. Հովհաննիսյանի խոսքով, ամբողջ աշխարհում ընդունված ու նորմալ երևույթ է, երբ բյուջետային ավիաընկերությունները թռիչքներ իրականացնում են «ոչ դասական» օդանավակայաններից:
Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ Ռոսավիացիան ավիափոխադրողին թույլտվություն էր տրամադրել Մոսկվայից թռիչքներ իրականացնել Հայաստանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյումրի:
Հարակից հրապարակումներ`
- «Պոբեդա» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից
- «Պոբեդա»-ն Մոսկվայից Գյումրի չվերթներ է իրականացնելու