Սլովակիայի ԱԺ նախագահը սիրում է կրկնել Հայաստանում լսած արտահայտությունը
Ով Հայոց պատմությունը չգիտի, չգիտի, թե ինչ զոհերի կարող են գնալ մարդիկ: Խելացի մարդը պետք է իմանա Հայոց պատմությունն ու հասկանա,- ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ ունեցած հանդիպումից հետո մամուլի համար հայտարարության ժամանակ ասաց Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոն:
Նա նշեց, որ սիրում է կրկնել այն նախադասությունը, որը լսել է Հայաստնում՝ «կարելի է ներել, բայց մոռանալ երբեք չի կարելի»:
«Բայց պետք չէ ողբերգականացնել պատմությունը: Այն նախադասությունը, որ ես կրկնեցի, պետք է լինի կարևոր իսկական արժեքներով իր նախնիներին և ավանդույթները հարգող ցանկացած մարդու համար»,- ասաց Ա. Դանկոն:
Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծեց՝ ուրախ է, որ իր երկրի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանությունը:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևոր է դրանց հետագա կանխարգելման համար: