ԵՄ-ի հետ այժմ քննարկվող համաձայնագրով երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում. Գ. Մելքոնյան
Հայաստան-Եվրոպական միություն նոր համապարփակ իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունները շարունակվում են, արդեն կայացել է վեց փուլ՝ հինգը լիագումար նիստերի տեսքով, մեկը՝ միջանկյալ,- Ազգային ժողովում 2017 թվականի բյուջեի նախագիծը քննարկելիս ասաց արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:
Նա նշեց, որ հաջորդ նիստը կայանալու է այս տարվա դեկտեմբերին Բրյուսելում:
«Լիահույս ենք, որ հնարավորություն կունենանք մոտ ապագայում ավարտին հասցնելու կարևորագույն այս գործընթացը»,- ասաց նա:
Պատասխանելով պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե այդ փաստաթղթում տնտեսական բաղադրիչն ի՞նչ ծավալով է, քանի որ ԵԱՏՄ-ին անդամակցելով դեռևս «պլյուսները, խերը» չեն տեսել, Կ. Նազարյանն ասաց, որ բանակցությունները երեք հիմնական ուղղությունով են ընթանում՝ քաղաքական երկխոսություն, ոլորտային համագործակցությու և առևտրի վերաբերյալ:
Քննարկմանը ներկա էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց, որ համեմատելով ասոցացման համաձայնագրի հետ, որը չստորագրվեց՝ տարբերություններ կան:
«Հիմնական տարբերությունն այն է, որ այժմ քննարկվող համաձայնագիրն իր բնույթով ազատ առևտրի համաձայնագիր չէ, երկուստեք մաքսատուրքերի զրոյացում չի նախատեսվում»,- ասաց Գ. Մելքոնյանը:
Նա նշեց, որ նախկինում նախատեսված բոլոր ոլորտներն այսօր բանակցում են, իհարկե, որոշ ուղղություններում պակաս պարտավորություններ ստաձնելով՝ հաշի առնելով Հայաստանի՝ այլ ինտեգրման ձևաչափերում արդեն իսկ ստանձնած պարտավորությունները: