Նարինե Աբգարյանը՝ «Յասնայա պոլյանա»-ի մրցանակակիր
Համառուսական «Յասնայա պոլյանա» ամենամյա գրական մրցանակի հաղթողներն են Մարինա Նեֆեդովան («Մանկություն. պատանեկություն. երիտասարդություն» անվանակարգ), Նարինե Աբգարյանը և Ալեքսանդր Գրիգորենկոն («21–րդ դար» անվանակարգ): Այս մասին գրում է Ռիա նովոստին:
Մրցանակաբաշխության հաղթողների անունները հայտարարել են չորեքշաբթի: ՌԴ նախագահի մշակույթի հարցերով խորհրդական Վլադիմիր Տոլստոյն ասել է, որ այս տարի ժյուրիի անդամներն ավելի քան 100 վեպ են կարդացել՝ հաղթողներին որոշելու համար:
«Այսքան դժվար ընտրություն, ինչպես այս տարի, մրցանակաբաշխության ողջ պատմության ընթացքում չի եղել: Կարճ ցուցակում ընդգրկված ստեղծագործությունները բոլորն արժանի էին, որ լինեին մրցանակակիր»,- ասել է Տոլստոյը:
Ներկայացնելով Նարինե Աբգարյանի՝ մրցանակի արժանացած «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպի մասին, ժյուրիի անդամ Ալեքսեյ Վարլամովն ասել է, որ գրքում շատ հրաշալի բաներ կան, միաժամանակ՝ ամենօրյա:
«Այն տեղային պատմություն է, որը ցույց է տալիս մարդկային կյանքը տարբեր անկյուններից: Նարինեի գիրքն այն խնձորներից է, որը պետք է բոլորին հասնի»,- ասել է նա:
Մրցանակաբաշխությանը հայտարարվել է նաև «Ընթերցողի ընտրություն» անվանակարգում հաղթողի անունը: Ընթերցողը քվեարկել է առ-ցանց: Այս անվանակարգում մրցանակի կրկին արժանացել է Նարինե Աբգարյանը:
Ամենամյա համառուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին: Մրցանակաբաշխությունը պահպանում է ռուս դասական գրականության ավանդույթները և ժամանակակից գրականության արդիական միտումները:
Նարինե Աբգարյանը ծնվել է Բերդում: Ավարտել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը։ 1993 թվականից ապրում է Մոսկվայում։ Հայտնի է դարձել ինքնակենսագրական գրքի՝ «Մանյունյա»-ի հրատարակումից հետո։ Այդ գրքով դարձել է Ռուսաստանի ազգային գրական մրցանակի՝ «Տարվա ձեռագրի» դափնեկիր «Լեզու» նոմինացիայում։ 2011 թ. եղել է «Մեծ գիրք» անվանակարգի ցուցակում։ 2011 թ. լույս է տեսնում ինքնակենսագրական վեպը (կամ, ավելի կոնկրետ կարճ պոտմությունների ժողովածու), որը ստանում է «Տարվա ձեռագիր» մրցանակը։ 2013 թ. ապրիլին Նարինե Աբգարյանը ստացել է «BABY-НОС» (նոր ռուսական բանահյուսություն) մրցանակը։ «Սիմյոն Անդրևիչ. Տարեգրություն խզբզոցներով»-ը դարձել է վերջին տասնամյակի լավագույն մանկական գիրքը։ 2013 թ. հրատարակվում է «Հսկան, ով երազում է ջութակ նագել» հեքիաթը։ Գիրքը «Պարմամբուկ» պորտալի կողմից ճանաչվել է 2014 թ. լավագույն մանկական գիրք։ 2014 թ. փետրվարին հրատարակվում է «Մարդիկ, ովքեր միշտ ինձ հետ են» վեպը։ 2014 թ. դեկտեմբերին լույս է տեսնում «Շոկոլադե պապիկը» մանկական գիրք, որի համահեղինակն էր Վալենտինա Պոստիկովը։ 2015 թ. մարտին լույս է տեսնում «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը, այս տարի՝ «Զուլալի» գիրքը:
Հարակից հրապարակումներ`
- «Երեխաները հավատում են հրաշքների, գրքի հերոս հսկան՝ նույնպես». Նարինե Աբգարյան
- Նարինե Աբգարյանի «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպն ընդգրկվել է «Յասնայա պոլյանա»-ի կարճ ցուցակում
- Երևանում տեղի կունենա Նարինե Աբգարյանի «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել» մանկական գրքի շնորհանդեսը
- Նարինե Աբգարյանի «Զուլալի» գիրքը՝ մեկ շաբաթից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան