ՀՖՖ նախագահը ներկայացրեց Արթուր Պետրոսյանին
Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ներկայացրեց Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:
Միջոցառման բուն իրադարձություններին ասուլիսի սրահից հետևել չհաջողվեց. 5 րոպե առաջ ժամանած լրագրողների մի ստվար զանգված հայտնվեց «ուշացածների» կարգավիճակում, քանզի ակադեմիայի դռներն այդպես էլ չբացվեցին նրանց առաջ: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո ասուլիսից դուրս եկած ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց լրագրողների հարցերին և թույլատրեց զրուցել նաև նորանշանակ գլխավոր մարզչի հետ:
Արթուր Պետրոսյանը նշեց, որ ներկա պահին հավաքականում խնդիրները շատ են, քանզի 3 պարտությունից հետո ամենադժվարը ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը կայունացնելն է:
«Մեր խնդիրն այժմ կայանում է նրանում, որ այս կարճ ժամանակամիջոցում` 3-4 օրում կարողանանք պատրաստվել Մոնտենեգրոյի հետ խաղին, փորձենք բարելավել ֆուտբոլիստների հոգեբանական վիճակը և կարողանանք տակտիկական որոշ խնդիրներ լուծել: Հասկանում ենք, որ աշխարհի առաջնության ընտրական փուլում կրած 3 պարտություններից հետո շատ բարդ կլինի: Այս խաղի համար դեռևս այսքանը կարող եմ ասել»,- նշեց Պետրոսյանը:
Նորանշանակ գլխավոր մարզիչը հույս հայտնեց, որ արտասահմանյան մարզչական փորձն օգտակար կլինի Հայաստանի հավաքականի համար, սակայն հաջողության հասնելու համար ժամանակ է հարկավոր:
«Մեր խաղային սխեման արդեն իմ գլխում է, բայց դա դեռ պետք է քայլ առ քայլ մշակել: Անհնար է առկա բոլոր խնդիրներն ու հարցերը միանգամից լուծել: Դա ավելի շուտ ձախողման կհանգեցնի: Պետք է աստիճանաբար առաջ գնալ ու հատ առ հատ լուծել պրոբլեմները»,- ասաց նա:
Արթուր Պետրոսյանը տեղեկացրեց, որ հավաքականում իր օգնականները կլինեն Ռազմիկ Գրիգորյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Հայկ Կիրակոսյանը:
«Հայկ Կիրակոսյանի հետ աշխատել եմ Հայաստանի հավաքականում, երբ Բեռնար Շալանդն էր գլխավորում ընտրանին: Սարգիս Հովհաննիսյանը, ինչպես գիտեք, աշխատում է «Լոկոմոտիվում»: Մարզչական ահռելի փորձ ունի, հավաքականում միասին ենք խաղացել: Թե որպես մարդ, թե որպես մարզիչ գնահատում եմ նրան: Նույնը կարող եմ ասել նաև Ռազմիկ Գրիգորյանի մասին: Ես պետք է վստահեմ իմ օգնականներին, և զուր չէ, որ իմ ընտրությունը կանգ է առել հենց նրանց վրա»,- ասաց Պետրոսյանը:
Նորանշանակ գլխավոր մարզիչը տեղեկացրեց, որ իրեն առաջարկվել էր շուրջ 3 տարվա պայմանագիր, սակայն ինքն անձամբ չի ցանկացել երկարաժամկետ համաձայնագիր և դա ցանկանում է անել միայն այն ժամանակ, երբ այս մրցափուլից հետո միասին աշխատելու երկկողմ ցանկությունը չմարի և այդ աշխատանքն արդյունքներ տա:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում