Ինչու Ադրբեջան-Իրան երկաթգիծը կառուցվում է, իսկ Հայաստան-Իրանը՝ ոչ
Մենք հենց զգացինք, որ մոտակա ժամանակ Իրանը դուրս է գալու պատժամիջոցներից, մեր նախաձեռնությամբ ԵԱՏՄ-ն սկսեց Իրանի հետ քննարկել արտոնյալ առևտրային ռեժիմի շուրջ համաձայնագրի հարցը: Մեր նախաձեռնությամբ ստեղծվեց նաև աշխատանքային խումբ,- ԱԺ-ում 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը ցամաքային սահման ունի Իրանի հետ, բնականաբար, այս հարցում շահագրգիռ է:
«Այդ համաձայնագրի քննարկումների ժամանակ Իրանը նաև տարբեր ապրանքատեսակների շուրջ վարում է բանակցություններ անդամ երկրների հետ: Մենք այդտեղ ձգտում ենք ստանալ առավելագույն արտոնություններ՝ կապված մեր ապրանքների ներմուծման հետ: Իրանը Համաշխարհային տնտեսական միության անդամ չէ, իր մոտ շատ բարձր են բոլոր մաքսավճարները»,- ասաց Շ. Քոչարյանը:
ԱԳ փոխնախարարը նաև նշեց, որ Հայաստան-Իրանի հարաբերությունները, բացի տնտեսականից, ազգային անվտանգության հետ են առնչվում:
«Մեր երկու հարևանը մեզ պահում են շրջափակված: Նպատակն այն է, որպեսզի դուրս մղեն տրանզիտային բոլոր ուղիներից: Իրենց գնահատմամբ, նման պարագայում երկիրը կթուլանա: Նման պայմաններում մեր երկու հարևանը մեզ համար շատ կարևոր են: Մեզ համար շատ կարևոր է, որ Իրանը դուրս եկավ պատժամիջոցների տակից, լրջորեն կարող ենք խոսել ավելի մեծ ծրագրերի մասին»,- ասաց Շ. Քոչարյանը:
Նրա խոսքով՝ երբ Իրանը դուրս եկավ պատժամիջոցներից, այդ երկրի նախագահի տեղակալը հենց Հայաստանում բարձրաձայնեց Պարսից ծոց -Սև ծով ծրագրի մասին, որը ենթադրում է տրանզիտ՝ Պարսից ծոցից գալիս է Իրանով Հայաստան, Վրաստանի նավահանգիստների, այնտեղից Բուլղարիա և դեպի Եվրոպա:
«Արդեն բանակցություններ են ընթանում այս ծրագրի շուրջ: Սա թույլ կտա Հայաստանին տրանզիտային մեկուսացումից դուրս գալ»,- ընդգծեց Շ. Քոչարյանը:
Փոխարտգործնախարարը խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին՝ ասաց, որ այն ծախսատար է, որոշակի առումով կան պայմանավորվածություններ, սակայն բավարար չեն այդ ծրագրի իրականացման համար. «Այստեղ պետք է շարունակել աշխատանքը: Ակնկալել, որ Իրանը կարող է լուրջ ներդրումներ անել, իհարկե, սխալ կլինի: Իրանը դուրս է եկել պատժամիջոցներից, լուրջ գումարներ են պետք իրեն հենց իր տնտեսությունը, մասնավորապես բանկային համակարգը, վերակառուցելու համար: Իրանի նկատմամբ բոլորը հետաքրքրություն ունեն, սակայն բանկային համակարգը պետք է կարողանա սպասարկել: Այս պարագայում ի վիճակի չէ: Իրանը պատարստ է աջակցել այդ ծրագրին, բայց ոչ ֆինանսապես»:
Շ. Քոչարյանը շարունակելով խոսքը՝ նշեց. «Հարց կարող է առաջացնել՝ ինչպե՞ս է Իրան-Ադրբեջան երկաթգիծը կառուցվում: Երկու պատճառ կա այստեղ: Առաջին՝ այս դեպքում այն կառուցվում է հարթավայրում: Պատկերացրեք, որ Սյունիքով պետք է կապ ունենալ: Երկրորդ ՝ Ադրբեջանն իր հատվածը կառուցում է, ավելին՝ գումար է հատկացնում Իրանին, որ Իրանի հատվածը կառուցվի»:
Հայաստան-Իրան երկաթգծի պարագայում, փոխնախարարի խոսքով, Իրանն իր մասը կապահովի, իսկ Հայաստանը պետք է ապահովի իր հատվածը, ինչի համար դեռ ներդրումներ է ակնկալում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան