Սարի թաղում «Արմենիա»-ի լրագրողին խոչընդոտած անձինք դատապարտվեցին
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, նոյեմբերի 2-ին հրապարակել է Սարի թաղում հուլիսյան դեպքերի ժամանակ «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող Ալբերտ Գասպարյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ վճիռը։
Հիշեցնենք՝ այդ անձինք չորսն էին՝ Սեյրան Կարապետյան, Վլադիմիր Մխիթարյան, Դավիթ Սարգսյան, Կարեն Գրիգորյան։ Նրանք բոլորը դատապարտվեցին 1 տարվա ազատազրկման և 200-ական հազար դրամ տուգանքի։
Նախաքննությունն իրականացրած Հատուկ քննչական ծառայությունը հիմնավորել էր, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Մասնավորապես, նրանք, ըստ նախաքննության, հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով Սարի թաղում և շրջապատի մարդկանց նկատմամբ իրենց առավելությունը ընդգծելու, մյուսներից իրենց անձը վեր դասելու խուլիգանական դրդումներով, վեճի են բռնվել նույն վայրում գտնված անձանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով փողոցում հավաքված հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել նշված անձանց նկատմամբ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ անտեսելով իրենց կարգի հրավիրող այնտեղ հավաքված անձանց հորդորները:
Այդ ընթացքում խմբով խուլիգանություն կատարած ամբաստանյալները տեսել են, որ լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող լրագրող Ալբերտ Գալստյանը տեսանկարահանում է իրենց վերը նշված գործողությունները:
Նրանք հարձակվել են լրագրողի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, ապա Վ. Մխիթարյանը Ալբերտ Գալստյանի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին և սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել լրագրողի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Այնուհետև նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին, դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով: Լրագրողից վերցված «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը վերադարձվել էր տիրոջը:
Կարապետյանին, Մխիթարյանին, Սարգսյանին ու Գրիգորյանին մեղադրանքներ էին առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով «խուլիգանություն» և 164-րդ հոդվածի 1-ին մասով՝ «լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը»: Նրանք կալանավորվել էին։
Սեպտեմբերի 29-ից մեկնարկած դատական նիստն անցկացվում էր արագացված ռեժիմով, և ամբաստանյալներն ընդունել էին իրենց առաջադրված մեղադրանքը։
Հարակից հրապարակումներ`
- Սարի թաղում լրագրողին խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է
- Սարի թաղի դեպքերով 19 լրագրող ճանաչվել է տուժող, հաստատվել է լրագրողների վնասված տեխնիկայի ցանկը. ՀՔԾ
- Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրված 6 անձանց