Աշխարհահռչակ ռուս ծաղրածու Օլեգ Պոպովին կհուղարկավորեն Գերմանիայում
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուս ծաղրածու Օլեգ Պոպովի հոգեհանգիստը տեղի կունենա Դոնի Ռոստովում, իսկ հուղարկավորությունը՝ Գերմանիայում:
Նա կյանքից հեռացավ 87 տարեկանում: «Արևային ծաղրածու» Օլեգ Պոպովը մահացել է Դոնի Ռոստովում, որտեղ եկել էր հյուրախաղերի, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Արտիստը մինչև կյանքի վերջ ելույթ է ունեցել կրկեսում. 2016 թվականի ձմռանը նա մեծ շրջագայություն էր սկսել Ռուսաստանով:
Պոպովին ճանաչում ու սիրում էր մի քանի սերունդ: Բոլորը հիշում են նրան իր վանդակավոր գլխարկով, գծավոր տաբատով, կարմիր գուլպաներով ու ծղոտե մազերով:
Օլեգ Պոպովը ԽՍՀՄ փլուզումից հետո արտագաղթել է Գերմանիա, Ռուսաստան այցելել է 24 տարի անց՝ 2015թ․՝ «Վարպետ» կրկեսի միջազգային մրցանակաբաշխությանը մասնակցելու համար և արժանացել «Կրկեսի լեգենդ» մրցանակին։