Արագաչափերից ու տեսահսկման սարքերից ստացվող գումարներն ամբողջ ծավալով կտնօրինի պետությունը. Ֆինանսների նախարար
Ճանապարհային երթևեկության կանոնների հսկողությունն իրականացնող արագաչափերի և տեսախցիկների վերաբերյալ նախագահ Սերժ Սարգսյանի և այսօր արդեն վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարության հետքերով ֆինանսների նախարարությունը իր իրավասությունների շրջանակներում գնալու է իրականացվող գործառույթների օպտիմալացման: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
Երեկ նախագահականում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր գտնել լուծումներ, որպեսզի արագաչափերից ու ավտոկայանատեղիներից ստացվող ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: Այսօր արդեն վարչապետը նույն հանձնարարականը բաշխեց իրավասու նախարարներին:
«Այն գործառույթները, որը հնարավոր է, որ մեր ուժերով իրականացնենք, կփորձենք անել: Արդյունքում կլինի այն, որ այն միջոցները, որը դիտվում էր որպես շահույթ, ապա դա մեզ համար կդիտվի որպես խնայողություն», -հայտարարեց, Արամյանը՝ պատասխանելով հարցին, թե որքան կլինի խնայողությունը հանձնարարականների կատարման արդյունքում:
Նախարարն ասաց, որ իրենք հասկանում են, թե պետք է նաև արդար գտնվել տնտեսվարողների հետ, բայց մյուս կողմից կառավարության քաղաքականությունը հստակ է. «Գումարները պետք է ուղղվեն պետական բյուջե»:
«Հիմա գումարները գալիս են ոստիկանության արտաբյուջե, դրանից հետո բաշխվում է «Սեքյուրիթի դրիմ»-ին, որպես ծառայությունների գնում: Բայց այս դեպքում այդ գումարները մենք ինքներս ենք տնօրինելու և նույն ծառայությունները պետությունն իր վրա է վերցնում՝ ամբողջ ծավալով», -հայտարարեց Արամյանը:
Հիշեցնենք, որ տեսախցիկների և արագաչափերի ներկրումն իրականացնում է հայտարարված մրցույթում հաղթած «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը, որի պայմանագրային պարտավորությունների մեջ է 2011-2017թթ. համակարգի զարգացման նպատակով 9 մլն 849 հազար 562 եվրոյի ներդրումների իրականացումը: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ոստիկանությունը «Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հետ 25 տարվա պայմանագիր է կնքել: Նկատենք, որ արագաչափերի ու տեսախսկման սարքերի պարագայում վարչական տույժերի մի մասը (50 տոկոս) ուղղվում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերությանը, իսկ մի մասը՝ ոստիկանության արտաբյուջե:
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ
- ՀՀ նախագահ. Արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը կտնօրինի պետությունը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան