Արթուր Պետրոսյան. «Վստահաբար կարող եմ ասել, որ իմ աշխատանքն արդյունավետ կլինի»
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր պետրոսյանը վստահ է, որ իր աշխատանքն ազգային թիմի հետ արդյունավետ կլինի, քանզի ծանոթ է ֆուտբոլիստների հնարավորություններին և գիտե, թե ինչի է ունակ այս հավաքականը: Այս մասին մարզիչը նշել է` լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ:
«Գիտեք, միշտ էլ խաղային օղակների հետ կապված խնդիրներ եղել են, կան ու կլինեն: Մենք պետք է փորձենք օգտագործել այն, ինչ այս պահին ունենք` առկա բացերը լրացնելու համար: Մոնտենեգրոյի հետ կայանալիք խաղին անպայման փոփոխություններ կլինեն: Հարկավոր է ներգրավվել նաև երիտասարդ ֆուտբոլիստներին, որովհետև իրենք են ապագան: Պետք է քայլեր կատարվեն այդ ուղղությամբ և, փառք Աստծո, նրանց հետ աշխատելու փորձ ևս ունենք»,- ասաց Պետրոսյանը:
Իսկ թե ի՞նչ ֆուտբոլ է դավանում ինքն ու ի՞նչ սպասենք հավաքականից, Արթուր Պետրոսյանն ասաց հետևյալը.
«Ինչպես բոլորը, ես ևս բացառություն չեմ, և ուզում եմ, որ Հայաստանի հավաքականը հարձակվողական ֆուտբոլ խաղա, գնդակին ավելի շատ տիրապետի, քան մրցակիցը, բայց այստեղ ամեն ինչ կախված է, թե ինչ ֆուտբոլիստներ ունենք, հակառակորդն ինչպես է խաղում, որպեսզի կարողանանք տվյալ խաղի մարտավարությունը մշակել և հաջողության հասնել»:
Այն հարցին, թե որքանով է ծանոթ մարզիչը Հայաստանի առաջնությանը, քանզի ֆուտբոլիստները պետք է ընտրվեն և հրավիրվեն նաև տեղական թիմերից, Արթուր Պետրոսյանը պատասխանեց, որ մինչ այժմ հետևել է ներքին առաջնությանը և այդ առիթով ունի իր տեսակետը:
«Ամեն ինչ շատ արագ ստացվեց: Գործի բնույթով վերջին շրջանում չեմ կարողացել ինտենսիվ հետևել Հայաստանի առաջնությանը, սակայն հնարավորինս ուշադիր եղել եմ: Իհարկե, ոչ այնքան, որքան ես ինքս կցանկանայի: Ձեռքի տակ ունեմ անհրաժեշտ տեսագրություններ` ֆուտբոլիստների խաղին հետևելու համար, խոսել եմ ակումբների մարզիչներից որոշների հետ, այնպես որ տեղեկատվության կարիք չեմ ունենա: Հավաքականի առաջիկա խաղից հետո արդեն տեղում կհետևեմ հանդիպումներին և ինքս կդիտեմ և կուսումնասիրեմ ֆուտբոլիստներին»,- ասաց նա:
Իսկ ինչ վերաբերում է ազգային հավաքականի մրցելույթներին, ապա նորանշանակ մարզիչը հայտնեց, որ հետևել է բոլոր խաղերին` բացառությամբ Ռումինիայի ընտրանու հետ կայացած տնային հանդիպմանը, որտեղ մեր թիմը զիջեց 0:5 հաշվով:
«Լավ է, որ այդ խաղը չեմ տեսել, իսկ ահա մնացած բոլոր դիմակայություններին հետևել եմ: Ֆուտբոլիստներին ևս ծանոթ եմ` բացառությամբ մի քանիսի: Թիմի մոտավորապես 80-90 տոկոսին գիտեմ: Տեղյակ եմ նրանց հնարավորություններին, կարողություններին, ըստ այդմ էլ կարող եմ վստահաբար ասել, որ մեր աշխատանքն արդյունավետ է լինելու»,- հայտնեց Պետրոսյանը:
Վերջում գլխավոր մարզիչը երկրպագուներին հրավիրեց ներկա գտնվել նոյեմբերի 11-ին կայանալի Հայաստան-Մոնտենեգրո հանդիպմանը` նշելով, որ ունեն երկրպագուների աջակցության կարիքը: Պետրոսյանը նշեց, որ հարկավոր է լավ խաղով ու արդյունքներով այնպես անել, որպեսզի հիասթափված ու որոշ չափով ագրեսիվ տրամադրված երկրպագուները կրկին մեծ քանակությամբ գան մարզադաշտ և աջակցեն ազգային հավաքականին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում