Ռուբեն Հայրապետյանը Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ է տալիս զբաղվել ատամնաբուժությամբ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Հայաստանի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի այն հայտարարությանը, որում նախարարը կարծիք էր հայտնել հայկական ֆուտբոլում ստեղծված իրավիճակի մասին` նշելով, որ եթե արդյունքները մտահոգում են և բավարար չեն, իսկ խնդիրները բազմազան են, ապա իրենք զբաղվում են հարցի լուծմամբ` անկախ այն հանգամանքից` ֆուտբոլ է, ըմբշամարտ, թե ծանրամարտ:
«Հրաչյա Ռոստոմյանին խորհուրդ կտայի զբաղվել ատամնաբույժի գործով, դա նրա մոտ ավելի լավ է ստացվում։ Նա այնքան տեղյակ չէ, որ չգիտի, որ Սպորտի նախարարությունը իրավունք չունի միջամտել ֆուտբոլին: Այդ դեպքում, մեր ֆեդերացիան կպատժվի։ ՖԻՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ երկրում ֆուտբոլի միակ պատասխանատուն ֆուտբոլի ֆեդերացիան է»,- նշել է Հայրապետյանը։
ՀՖՖ նախագահը նաև հայտարարել է, որ կառչած չէ իր պաշտոնից, սակայն ամեն ինչ դրել է ֆուտբոլում` ներառյալ իր կյանքն ու առողջությունը և մտահոգված է ֆուտբոլի ապագայով: