Վարչապետը հանձնարարականներ տվեց արագաչափերից ու տեսախցիկներից առաջացող ֆինանսական հոսքերը պետական կառույցների կառավարմանը հանձնելու վերաբերյալ
«Բանակցել «Սիքյուրիթի դրիմ» ՍՊ ընկերության հետ և մեկ շաբաթում ներկայացնել իրավական լուծումներ, որպեսզի այդ ընկերության գործառույթները, այդ թվում ֆիանսական հոսքերի կառավարումն ամբողջությամբ անցնի պետական կառույցներին»,-Կառավարության ընթացող նիստում ՀՀ ոստիկանապետին նման հանձնարարական տվեց վարչապետ Կարեն Կարապետյանը: Ոստիկանապետն անհրաժեշտության դեպքում կարող է բանակցություններում ներգրավել արդարադատության ու ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներին:
Վարչապետի հաջորդ հանձնարարականի հասցեատերերը ֆինանսների ու արդարադատության նախարարներն էին. «Աջակցել Երևանի քաղաքապետին «Փարկինք սիթի սերվիս» և «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցություններին, մեկշաբթյա ժամկետում ներկայացնելով իրավական լուծումներ, որպեսզի սեփականության ձևով պայմանավորված նրանց գործառույթները, այդ թվում ֆինանսական հոսքերի ամբողջական կառավարումն ու տնօրինումն անցնեն համայնքային կառույցներին»:
Կառավարության ղեկավարի երրորդ հանձնարարականն ուղղված էր ոստիկնապետին. «Մինչև նոյեմբերի 30-ը ներկայացնել ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգ՝ սահմանելով հստակ ժամկետներ և չափելի, էական արդյունքներ: Շահագրիգիռ պետական ու համայնքային մարմիների հետ համատեղ ուսումնասիրել և ներկայացնել առաջարկություններ երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողության ու վճարովի ավտոկայանատեղիների կանոնակարգման ծառայությունների մատուցման ոլորտում անհրաժեշտ որակական նոր չափանիշների ներդրման անհրաժեշտության վերաբերյալ»:
Այս փուլի չորրորդ հանձնարարականն ուղղված էր արդարադատության նախարարին. «Քննարկել և 20-օրյա ժամկետում ներկայացնել առաջարկություն վարչական տույժերի հարկադիր կատարման հետ կապված արգելանք դնելու մասին պատշաճ ծանուցումն ապահովելու անհրաժեշտ գործիքակազմի ներդրման ուղղությամբ և ՀՀ ԿԱ ոստիկանության պետի հետ համատեղ ներկայացնել առաջարկությւոն վարչական տույժերի նշանակման վերաբերյալ քաղաքացիներին պատշաճ իրազեկման գործում մեխանիզմների կատարելագործման ուղղությամբ»:
Կարեն Կարապետյանը կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին ասաց, որ հանձնարարականների կատարման համար պետք է ներգրավել մաքսիմալ անձնակազմ:
Հիշեցնենք, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան