Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի ընտանեկան անդորրը կախված է մահապատժի վերականգնումից
Օրեր առաջ, հոկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Էրդողանի նոր հայտարարությունը, որ մահապատժի վերականգնումը կարող է շուտով լինել խորհրդարանի օրակարգում, կրկին ԵԽ ուշադրությունն է հրավիրել այս հարցին։
Հիշենք՝ հոկտեմբերի 12-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում ելույթ ունենալուց հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, պատասխանելով պատվիրակներից մեկի հարցին, ասաց, որ ինքը «դեմ է մահապատժին»։ Ավելին, պարզվեց, որ Թուրքիայում մահապատժի վերականգման խնդրի պատճառով վեճ է ընկնել թուրք նախարարի տանը։
«Հեղաշրջման փորձից հետո իմ կինը սպառնաց ինձ ու ասաց, որ գիտի իմ դիրքորոշումը մահապատժի հարցում, և որ եթե ես ընդդիմանամ դրա վերականգնմանը, նա կզայրանա»,- ԵԽԽՎ պատվիրակների առջև անկեղծացավ Չավուշօղլուն՝ նշելով, որ դա առաջին անգամ էր 23 տարվա ամուսնությունից հետո, որ կինը սպառնացել է իրեն։ Ճիշտ է, նախարարը շտապեց տեղեկացնել նաև, որ կնոջ հետ խոսել և բացատրել է, որ մահապատժի վերականգնումը ճիշտ ճանապարհ չէ, բայց դժգոհությունները դեռ մնում են։
Հուլիսյան հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մահապատժի վերականգման հարցը տեղիք է տվել ոչ միայն ընտանեկան վեճերի, այլ նաև լուրջ խնդիրներ է առաջացրել Թուրքիայի և Եվրոպայի, մասնավորապես Եվրոպայի խորհրդի հետ հարաբերություններում։ Դեռևս ամռանն էր ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը զգուշացրել, որ մահապատժի վերականգնումը անհամապատասխանելի կլինի ԵԽ-ին Թուրքիայի անդամակցության հետ։
Էրդողանի հայտարարության հաջորդ օրը, հոկտեմբերի 30-ին ԵԽ գլխավոր քարտուղարի խոսնակը նորից հիշեցրել է, որ «մահապատժի կիրառումը անհամատեղելի է ԵԽ անդամակցության հետ»։
Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ արձանագրությամբ, որը ստորագրվել է 1983թ., մահապատիժը վերացվում է բոլոր դեպքերում, բացի պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում։ Ավելի ուշ, նույն կոնվենցիայի 13-րդ արձանագրությամբ մահապատիժը վերացվում է բոլոր հանգամանքներում։
Հետաքրքրական է, որ մահապատիժը Թուրքիայում վերացվել է 2004թ.-ին՝ նույն Էրդողանի նախաձեռնությամբ՝ Եվրոպական միությանն անդամակցության բանակցությունների շրջանակներում։
Այժմ Էրդողանի մոտեցումն այն է, որ ինքը կհաստատի մահապատժի վերականգնումը, եթե խորհրդարան այն ընդունի։ Ինչպես գրում է «Հյուրիեթի» սյունակագիր Մուրադ Յետկինը, «գուցե նման հռետորաբանությունը զուտ մարտավարություն է ազգայնական ձայները գրավելու համար՝ հնարավոր նախագահական հանրաքվեում հաղթանակ ապահովելու նպատակով»։ Գուցե և այդպես է։
Անժխտելի է նաև այն, որ մահապատժի վերացման խնդիրը նաև սակարկելու լավ հնարավորություն է տալիս թուրքական կողմին՝ եվրոպական գործընկերների հետ հարաբերվելիս։
Սցենարը մոտավորապես այսպիսին է. ժողովրդական պահանջով հարցը բարձրացվում է, կրքերը բորբոքվում են, բանավեճեր, քննադատություններ, և վերջին պահին Էրդողանը հրաժարվում է մահապատժի վերականգնումից և բացի ներքաղաքական դիվիդենտներից՝ ստանալով նաև եվրոպական գովեստի խոսքեր՝ ժողովրդավարությանը նվիրված լինելու համար։
Իսկ այդ ժամանակ Չավուշօղլուի կինը, զայրույթը պահած՝ սպասելիս կլինի ամուսնու վերադարձին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան