Լևոն Ալթունյանը չի պատասխանում «դեժավյու» հարցերին
«Առաջին դժգոհությունը ձեզանից եմ լսում: Եթե լսեի այլոց՝ կզրուցեի նրանց հետ և կբացատրեի իմ մոտեցումները»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյան՝ պատասխանելով հարցին, թե իր այն հայտարարությունը՝ նախարարության աշխատակազմի 95 տոկոսը բժիշկներ են, պետք են մենեջերներ ու ֆինանսիստներ, դժգոհություն է առաջացրել նախարարության աշխատակիցների շրջանում:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս է բժիշկներին վերածելու ֆինանսիստների ու մենեջերների, նախարարը պատասխանեց՝ կվերածեմ, կտեսնեք:
«Դեռ չգիտեմ, թե ինչպես պետք է անեմ: Ես էլի եմ ասում, որ անառողջ է, եթե ֆինանսիստ աշխատում է բժիշկը: Եթե մենք ֆինանսական ոլորտում կգտնենք բժիշկ, մենք նրան կկրճատենք: Եթե ֆինանսական հաստիքում աշխատում է ֆինանսիստ, նա կմնա աշխատելու», -ասաց Լևոն Ալթունյանը:
Անդրադառնալով մամուլում հրապարակված մեկ այլ տեղեկատվությանը, թե նախարարությունում նախարարը ռուսերենը հռչակել է՝ որպես «մայրենի լեզու», առողջապահության նախարարը նշեց, որ դա սուտ է:
«Հորդորում եմ ձեզ ՝ մի հավատացեք այդպիսի հայտարարություններին, դա ակնհայտ սուտ է: Հայաստանի Հանրապետությունում մայրենի և պետական լեզուն հայերենն է»,- ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է հարցին, թե նախարարը խոսում է արդյունավետ ծախսերի մասին, մինչդեռ ինքը 8 խորհրդական ունի, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Ես այսօր կհաշվեմ նրանց, և մենք կանդառնանք դրան մեր մյուս հադիպմանը»:
Դիտարկմանը, թե` փաստորեն, մինչ այս պահը խորհուրդներ չեն տվել Ձեզ, բայց աշխատավարձ են ստացել, նախարարը նշեց, որ Հայաստանում կա երեք միլիոն խորհրդատու:
«Հաստիքով աշխատավարձ նախատեսված է երկու խորհրդատուների, եթե նրանք ութն են, ուրեմն վեցն աշխատում են հասարակական հիմունքներով»,- նշեց Լևոն Ալթունյանը:
Լրագրողները նաև հետաքրքվեցին նաև ծննդատներում անցկացվող ուսումնասիրություններից:
Դիտարկմանը, թե նախկին նախարար Արմեն Մուրադյանի օրոք ստուգումներ էին սկսվել «Սլավմեդ» ԲԿ-ում, որտեղ ծննդկանի մահվան դեպք էր գրանցվել, մինչդեռ «Շենգավիթ» ԲԿ-ն դուրս էր մնացել այդ ուսումնասիրության շրջանակից, և՝ հիմա պատրաստվու՞մ են այդ հիվանդանոցն էլ ներառել ուսումնասիրության շրջանակում, Լևոն Ալթունյանը պատասխանեց. «Եկեք դեժավյու հարցերին չպատասխանեմ: Մի երեք անգամ էդ հարցին պատասխանել եմ»:
Նախարարը նշեց նաև, որ նոր ուսումնասիրություններ չեն նախատեսվում:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև «Երևան» ԲԿ-ից: Հարցին՝ հանդիպե՞լ է սեփականատերերի հետ, Լ. Ալթունյանը պատասխանեց՝ ոչ:
«Իրենք առևտրային ընկերություն են, շահույթ հետապնդող ընկերություն են, թող բարի լինեն իրենք հոգան իրենց հոգսերը, դրանք կոմերցիոն հոգսեր են և բժշկության հետ կապ չունեն»,- ասաց նախարարը:
Արձագանքելով հարցին, թե սեփականատերերից մեկը հայտարարել էր, որ խլում են իրենից ընկերությունը, նախարարը նշեց, որ այդպիսի հայտարարությունները կարող են հետաքրքրել դատախազությանը, բայց ոչ իրեն:
Հարակից հրապարակումներ`
- «Մենք փորձում ենք դա անվճար անել, ստացվում է այն, ինչ որ ստացվում է». քաղցկեղի բուժման հնարավորությունների ու գների մասին
- Նախարարության մեջ չկա Ռուզաննա Խաչատրյանի սենյակ, Լևոն Ալթունյանի սենյակ. Նախարարը՝ Սեյրան Օհանյանի կնոջ մասին
- «Սենց թե նենց երեխան ծնվում է 9 ամսում, թույլ տվեք երեխան հասունանա». Առողջապահության նախարարը՝ պատգամավորին
- «Մահն արտահերթ է գալիս, մահը չի կարող սպասել». պետպատվերների մասին
- 2017 թվականի պետական բյուջեի նախագծով առողջապահության ոլորտի ծախսերը նվազել են 3%-ով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան