Լևոն Հովսեփյան. «Թուրքիայում հիմա քաղաքական գործընթացները տեղափոխվում են հաշվեհարդարի դաշտ»
Քրդամետ քաղաքական ուժի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարն էլ ավելի կսրի իրավիճակը Թուրքիայում, և քրդական զինյալ գործողությունները նոր թափ կստանան: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` անդրադառնալով Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պատգամավորների ձերբակալություններին:
Նրա խոսքով` Թուրքիայի իշխանությունները խնդիրն ավելի առարկայորեն տեղափոխում են բռնության, հաշվեհարդարի դաշտ, իսկ նման պարագայում ակնհայտ է դառնում դրան համարժեք պատասխանի հնարավորությունը, զինյալ գործողությունների ակտիվացումը:
«Թուրքիայում հիմա քաղաքական գործընթացները տեղափոխվում են հաշվեհարդարի դաշտ, իսկ «Քրդստանի բանվորական կուսակցության» դեմ փաստացի պատերազմի մեջ գտնվող Թուրքիան այս առումով կարող է հայտնվել շատ բարդ ու վտանգավոր մի իրավիճակում, երբ երկրում կծավալվեն նոր գործողություններ ու պայթյուններ, ինչպես այսօրվա պայթյունն էր Դիարբեքիրում: Էրդողանը հիմա շատ խնդիրների լուծումը տեսնում է, այսպես ասած, հաշվեհարդարների տիրույթում, ուստի քրդամետ քաղաքական ուժի դեմ գործողությունները լայն թափով կշարունակվեն: Չեզոքացվելով քաղաքական գործընթացների հնարավորությունը` փոխարենը որպես այլընտրանք մնում է զինյալ պատասխանի հնարավորությունը»,- ասաց Լ. Հովսեփյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Դիարբեքիրում ուժգին պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Ահաբեկչության դեմ իրականացվող հետաքննության շրջանակում երեկ և այսօր ձերբակալվել են Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» մի շարք պատգամավորներ, այդ թվում` կուսակցության երկու համանախագահները:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում