Լիլիթ Հարությունյան. «Շատ ուրախ եմ, որ կարողացա Հայաստանը պատվով ներկայացնել»
ԱՄԷ-ի մայրաքաղաք Դուբայի կանանց վազքի միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշարում այսօր բրոնզե մեդալի արժանացած հայ վազորդուհի Լիլիթ Հարությունյանը դեռ մրցավայրում է: Մի քանի ժամ հետո Դուբայ-Փարիզ-Երևան չվերթով կվերադառնա Հայաստան:
55 երկրի 662 վազորդուհիների պայքարում 3-րդը ճանաչված հայ մարզուհին panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ մրցավայր հասնելը 10 ժամ ինքնաթիռում անցկացնելուց հետո միայն 4 ժամ հանգստի հնարավորություն է ունեցել և որ հոգնածությունը ևս ունեցել է իր դերակատարումը, սակայն ինքը գոհ է արդյունքից:
«Անչափ ուրախացա, երբ իմացա, որ մասնակցելու եմ այս մրցմանը: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի և ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Նարինե Շահբազյանի նախաձեռնությամբ և օգնությամբ հնարավորություն ստացա Հայաստանը ներկայացնել նման խոշորագույն ստուգատեսում, որին մասնակցում էին 55-ից ավել պետություններ: Հասկանալի էր, որ թեժ մրցակցություն և անզիջում պայքար էր սպասվելու:
Գտնվում եմ գերազանց մարզավիճակում և, ըստ այդմ, մեծ հույսեր ունեի, որ կկարողանամ մրցանակային տեղ գրավել: Հույսերս իրականացան: Թեև մրցակիցներս բավական ուժեղ էին, բայց մինչև վերջին մետրերը պայքարեցի: Շատ ուրախ եմ, որ կարողացա Հայաստանը պատվով ներկայացնել: Չէի սպասում նման մեծ արձագանքի»,- նշեց Լիլիթը:
Հայ մարզուհին նշեց, որ իր գլխավոր նպատակը գարնանը Եվրոպայի վազքի ձմեռային առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանալն է, իսկ մինչ այդ մրցումներ կլինեն Երևանում, որից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականի կազմը: Լիլիթ Հարությունյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանցից, ովքեր իր կողքին են և ուրախանում են իր հաջողություններով, քանզի մարդու մեջ վստահությունը ծնվում է այն դեպքում, երբ նրան աջակցում եմ մյուսները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում